«ՀայՌուսգազարդ»-ը շարունակում է գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանի 300 խոշոր հարկատուների ցուցակը: Խոշոր հարկատուների առաջին տասնյակում փոփոխություններ գրեթե չկան. առաջին տողերում կրկին վառելիքի ու սիգարետի խոշոր ներմուծողներն են, բջջային հեռախոսակապի օպերատորներն ու կարգավորվող սակագերի դաշտում գտնվողները: Ցուցակը գլխավորում է «ՀայՌուսգազարդ»-ը:
Հայաստանի 10 խոշոր ընկերությունները այս տարվա առաջին կիսամյակում 22 տոկոսով ավելի շատ հարկեր են վճարել, քան նախորդ` ճգնաժամային տարվա նույն ժամանակահատվածում:

Սա համահունչ է Ֆինանսների նախարարության` պետբյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվությանը, ըստ որի 2010 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտներն ու պետական տուրքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 24 տոկոսով:

Ուշագրավ է, սակայն, որ Հայաստանում հարկային եկամուտների միայն 16 տոկոսն է ապահովվում շահութահարկի միջոցով, աճ այստեղ չի արձանագրվում: Եվ սա հենց այն հարկատեսակն է, որի հավաքագրումը ավանդաբար ցածր է եղել Հայաստանում, ինչը, տնտեսագետների եւ միջազգային փորձագետների կարծիքով, հարկերից համատարած խուսափելու հետեւանք է:

Հայաստանի խոշոր ընկերությունները շարունակում են զարմանալիորեն ցածր շահույթներ ցույց տալ` նոր թափ հաղորդելով տնտեսությունում ստվերի մասին խոսակցություններին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը, մինչդեռ, հայտարարում է, որ խոշոր ընկերությունները լինելու են կառավարության հարկային վարչարարության բարեփոխմանն ուղղված ջանքերի թիվ 1 թիրախը:

Օրինակ, ընդհանուր 10 միլիարդ դրամ վճարված հարկերով խոշոր հարկատուների ցուցակում 5-րդ եւ 6-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնող բենզինի եւ դիզվառելիքի շուկայի ավանդական մենաշնորհատերերը՝ «Ֆլեշ» ու «Սիթի Փեթրոլ գրուպ» ընկերությունները այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով միայն 10 միլիոնն են վճարել շահութահարկի տեսքով։ Ու թեեւ բենզինի եւ դիզվառելիքի ներմուծումը հարկվում է հաստատագրված վճարներով, այսինքն՝ կախված չէ գնից, այդուհանդերձ, նման շահույթն էլ կասկածելի է թվում, մանավանդ որ անցած տարի ընկերությունները դրա տասնապատիկն էին վճարել:

«Մեր կոնկուրենտների մոտ էլ այդ ցուցանիշը ցածր է, որովհետեւ մրցակցությունը խիստ սրվել է: Դրա համար մենք հիմա աշխատում ենք կարելի է ասել` առանց շահույթի: Ստիպված մինիմում գներով ենք վաճառում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց «Ֆլեշ» ընկերության փոխնախագահ Մուշեղ Էլչյանը:

Համեմատության համար նշենք, որ առաջին կիսամյակի արդյունքներով խոշոր հարկատուների ցուցակը գլխավորող ՀայՌուսգազարդ»-ը վճարել է 1 միլիարդ 245 միլիոն դրամ շահութահարկ, իսկ ընդհանուր առմամբ` ավելի քան 5 միլիարդ դրամ, ինչը բնականաբար պայմանավորված է ապրիլի 1-ից բնակչությանը եւ խոշոր սպառողներին մատակարարվող գազի 37 տոկոս թանկացումով։ Դեռ այն ժամանակ նշվում էր, որ գազի գնի բարձրացումից հետո ընկերության վճարած հարկերը կավելանան, քանի որ սակագնում հաշվառված է նաեւ ավելացված արժեքի հարկը: Այսպես` ներկա սակագնում քաղաքացիների վճարած 132 դրամից 22-ը այս հարկատեսակն է: Ընկերության առաջատար դիրքի վրա չի ազդել նույնիսկ Հայատանում սպառվող գազի ծավալների բավական զգալի նվազումը:

Ընկերության խոսնակ Շուշան Սարդարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Նախորդ տարվա համեմատ նույն կիսամյակի արդյունքներով ավելացել են հարկային վճարումները, մասնավորապես` ավելացված արժեքի հարկի մասով, եւ դա պայմանավորված է հիմնականում սակագնի ավելացմամբ, որի հետեւանքով ավելացել են նաեւ ավելացված արժեքի հարկի մասով հարկային վճարումները: Ինչ վերաբերում է սպառման շուկային, այո, սպառման շուկան նախորդ տարվա համեմատ նվազել է, բայց, այդուամենայնիվ, հարկային վճարումների մասով հիմնական ծանրակշիռ փաստարկը մնում է ավելացված արժեքի հարկի ավելացումները»:

Հավելենք, որ իրենց ցուցանիշները էապես բարելավել են հանքարդյունաբերական ոլորտի ընկերությունները, ինչը բնական է` հաշվի առնելով մոլիբդենի եւ պղնձի միջազգային գների բարձրացումը եւ հանքանյութի արտահանման ծավալների զգալի աճը: