Խալաֆյանի մահվան գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Դատական կարգադրիչները Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում փորձում են հանգստացնել տուժողի եւ ամբաստանյալների հարազատներին: Հրազդան, 27-ը հուլիսի, 2010 թ.

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեքշաբթի օրը հետաձգվեց Վահան Խալաֆյանի մահվան գործով հերթական դատական նիստը` վկաներից Չարենցավանի նախկին ոստիկանապետ Նորիկ Հեբոյանի չներկայանալու պատճառով:
Հեբոյանը չէր ներկայացել նաեւ նախորդ դատական նիստին` առանց որեւէ պատճառաբանության: Իսկ այսօր նախկին ոստիկանապետը մի գրություն էր ուղարկել` տեղեկացնելով, որ նիստին չի կարող ներկայանալ, քանի որ «բուժման նպատակով հուլիսի 22-ից անորոշ ժամկետով» բացակայելու է երկրից: Նա նաեւ նշել է, որ պնդում է իր նախաքննական ցուցմունքները եւ խնդրում դրանք հրապարակել դատական նիստում:

Բայց ինչպես տուժողի իրավահաջորդները, այնպես էլ ամբաստանյալների պաշտպանները միջնորդեցին, որ դատարանը այդ ցուցմունքները չհրապարակի եւ միջոցներ ձեռնարկի Հեբոյանին դատարան բերելու համար:

«Որեւէ հիմնավոր ապացույց չկա, որ նա բուժման կարիք ունի, որ մեկնել է: Նրա վարքագիծը մեզ հուշում է, որ ինքը մեղավորություն ունի, եւ մենք պատրաստվում էինք հանդես գալ որոշակի միջնորդություններով», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:

Ամբաստանյալներից Աշոտ Հարությունյանը նույնպես պնդեց, որ նախաքննության ընթացքում ցուցմունք տված բոլոր անձինք դատարանում պնդեն իրենց ցուցմունքները:

Հարությունյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը նախկին ոստիկանապետի դատարան չներկայանալը որակեց որպես «քննությունից խուսափելու փորձ»: Ըստ փաստաբանի, Հեբոյանի ցուցմունքները կարեւոր են. - «Երկու ասպեկտով կարեւորում եմ. ե'ւ իմ պաշտպանյալի համար, ե'ւ մահվան հանգամանքները բացահայտելու առումով: [Հեբոյանի ցուցմունքները] էական եմ համարում, որովհետեւ վերեւից են սկսվում բաժնում օրինականության պահպանման խնդիրները»:

Նիստի ավարտին կրկին միջադեպ տեղի ունեցավ Վահան Խալաֆյանի հարազատների եւ ամբաստանյալների հարազատների միջեւ. տեղացին փոխադարձ հայհոյանքներ, հրմշտոց եւ անգամ քաշքշուկ եղավ: Միջադեպը հարթվեց դատական կարգադրիչների ոչ շատ օպերատիվ միջամտությունից հետո միայն:

Վահան Խալաֆյանը մահացել է ապրիլի 13-ին Չարենցավանի ոստիկանության բաժնում, ուր բերման են ենթարկվել գողության կասկածանքով: Ոստիկանները պնդում են, թե նա ինքնասպան է եղել, իսկ մահացածի հարազատները համոզված են, որ Վահանին խոշտանգելով սպանել են:

Գործով ամբաստանյալները չորսն են. Չարենցավանի ոստիկանության քրեական բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը, ով մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները անցնելու մեջ, որը առաջացրել է ծանր հետեւանք, այն է` ըստ պաշտոնական վարկածի, Խալաֆյանի ինքնասպանությունը: Ըստ նախաքննության, ցուցմունքներ կորզելու նպատակով Հարությունյանը ծեծի է ենթարկել Խալաֆյանին:

Ամբաստանյալի աթոռին են հայտնվել նաեւ Չարենցավանի ոստիկանության բաժնի երեք օպերլիազորներ` Մորիս Հայրապետյանը, Գարիկ Ղազարյանը եւ Գագիկ Դավթյանը: Նրանք մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գնահատելով մինչեւ այժմ Չարենցավանի ոստիկանության աշխատակիցների տված ցուցմունքները` Վահան Խալաֆյանի իրավահաջորդների շահերի պաշտպան Արտակ Զեյնալյանը ասաց, որ ինքը որոշակի ճնշում է նկատում վկաների նկատմամբ.- «Ընդհանուր առմամբ, այո, ճնշումներ կան, համաձայնեցված վարքագիծ կա նրանց ցուցմունքներում»: