Ռուսաստանը «անընդունելի» է որակել Ահմադինեջադի հայտարարությունը Մեդվեդեւի մասին

Ռուսաստանի արտգործնախարարությունն անընդունելի է համարել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հայտարարությունը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հասցեին:

Օրերս, Ահմադինեջադը հայտարարել էր, թե Ռուսաստանի նախագահը շրջվել է Իրանի դեմ եւ իրանական միջուկային ծրագրի մասին ստեր տարածելու գործում միացել Միացյալ Նահանգներին:

«Համարում ենք, որ անարդյունք եւ անպատասխանատու հռետորաբանության փոխարեն, հարկ է, որ Իրանի ղեկավարությունը կոնկրետ քայլեր ձեռնարկի իրավիճակի կարգավորման ուղղությամբ»,- ասված է Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ: