Հայաստանում դրական են գնահատում Կոսովոյի մասին Հաագայի դատարանի վճիռը

Նիդեռլանդներ -- ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը քննում է Կոսովոյի անկախության օրինականության վերաբերյալ Սերբիայի ներկայացրած հայցը, Հաագա, 22-ը հուլիսի, 2010թ.

Կոսովոյի անկախության հռչակումը օրինական ճանաչելու մասին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճիռը դրական արձագանքների է արժանանում Հայաստանում:
«Որոշումը իրոք աննախադեպ էր, եւ բխում է ՄԱԿ-ի Կանոնադրությունից: Ժողովուրդների ինքնորոշումը ՄԱԿ-ի նպատակներից մեկն է, իսկ տարածքային ամբողջականությունը` ընդամենը սկզբունք` ուղղված նաեւ այդ նպատակին հասնելուն», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` շարունակելով. - «Երբ կա ինքնորոշում, այդ դեպքում տարածքային ամբողջականությունը երկրորդական է, առաջնային է հենց ժողովուրդների ինքնորոշումը, եւ հենց սրա մասին է Հաագայի դատարանի որոշումը»:

Հայաստանի քաղաքական ուժերի արձագանքը նույնպես դրական է:

ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Սա աննախադեպ որոշում էր եւ դրական կարող է ազդել Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման վրա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը` պարզաբանելով. - «Որովհետեւ առաջին անգամ միջազգային դատարանը իրավական տեսք տվեց, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, եթե խոսքը անկախության մասին է, ավելի բարձր է կամ ավելի կարեւոր է, քան տարածքային ամբողջականությունը` հղում անելով հենց ՄԱԿ-ի կանոնադրությանը»:

Նրա համոզմամբ, երկակի ստանդարտներ չպետք կիրառվեն, եւ «ինչ կարելի է Կոսովոյին, կարելի է նաեւ Լեռնային Ղարաբաղին, որը ոչ պակաս հիմքեր ունի միջազգային իրավունքի հիման վրա ստանալ անկախություն»:

«Որոշումը ցույց տվեց, որ կարող է Ալբանիա անկախ պետության պարագայում մեծապես ալբանացիներով բնակեցված Կոսովոն էլ դառնա անկախ: Այսինքն` հօդս են ցնդում Ադրբեջանի քաղաքական վերնախավի բոլոր այն պնդումները, որ եթե կա անկախ Հայաստանի Հանրապետություն, ապա էլ ինչու է աշխարհին պետք անկախ Ղարաբաղը», - եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:
Դաշնակցության ղեկավար անդամ Վահան Հովհաննիսյանը:

«Վճիռը ես համարում եմ ողջունելի: Վճռի մեջ հստակ ասված է, որ ինքնուրույն կերպով, միակողմանի կերպով անկախություն հայտարարելը չի կարող դիտվել անօրինական. անկախության հռչակումը օրինական է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` շարունակելով. - «Ուրեմն` օրինական է բոլորի համար: Դրա համար, իհարկե, պետք է նախադրյալներ լինեն: Այդ նախադրյալները Ղարաբաղը ապահովել է եթե ոչ ավելի, քան Կոսովոն, ապա առնվազն` ոչ պակաս: Մենք հիմա ստանում ենք նոր գործիք եւ նոր հնարավորություն` պայքարելու Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման համար»:

«Կարծում եմ, որ այս դատավճիռը, իհարկե Հայաստանի ճշգրիտ քաղաքականության դեպքում, կարող է իր դրական ազդեցությունը թողնել», - լրագրողների հետ հանդիպմանը ուրբաթ օրը հայտարարեց խորհրդարանական ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, նորանկախ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը` համոզմունք հայտնելով, որ պաշտոնական Երեւանը պարտավոր էր Լեռնային Ղարաբաղը ճանաչել դեռ 1992 թվականին:

«Ակնհայտ էր անգամ իմ պետական ծառայության ժամանակահատվածում, որ կային պետություններ, որոնք պատրաստ էին լրջորեն դիտարկել ճանաչման հարցը, բայց բաց էր այն իրողությունը, որ Հայաստանը տակավին չէր ճանաչել», - ասել է Հովհաննիսյանը:
«Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, «հաճելի փաստ» որակելով Հաագայի դատարանի վճիռը, ասաց. - «Առայժմ դեռ վաղ է գնահատական տալ` դա նախադեպ կլինի՞, թե՞ չէ: Այնուամենայնիվ, դատարանը իր եզրակացությամբ արձանագրեց քաղաքական իրավիճակը. նկատի ունեմ, որ 69 երկիր, կարեւորագույն երկրներ արդեն ճանաչել են Կոսովոյի անկախությունը»:

Հավելենք, որ Հաագայի դատարանի որոշմանը արձագանքել է պաշտոնական Բաքուն. արտգործնախարարության խոսնակ Էլխան Պոլուխովը «Թրենդ» գործակալությանը փոխանցել է, թե Բաքուն «ճանաչել ու ճանաչում է Սերբիայի տարածքային ամբողջականությունը եւ շարունակում է մնալ իր այդ դիրքորոշմանը»: Պոլուխովը շեշտել է, թե միջազգային դատարանի եզրակացությունը վերաբերում է միայն Կոսովոյի դեպքին: