Սերբիան կշարունակի պայքարել Կոսովոյի անկախության դեմ

Սերբիայի իշխանությունները հայտարարում են, թե կշարունակեն պայքարը Կոսովոյի կողմից հռչակված անկախության դեմ՝ չնայած ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը։

Հուլիսի 22-ին միջազգային այդ ատյանը որոշեց, որ անկախություն հռչակելով` Կոսովոն չի խախտել միջազգային իրավունքի նորմերը։

Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը պահանջել է սեպտեմբերին քննարկման դնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում եւ որոշում կայացնել Կոսովոյի վերջնական կարգավիճակի շուրջ բանակցությունները սկսելու մասին։

Կոսովոյի իշխանությունները, սակայն, հայտարարում են, թե անկախությունը կայացած փաստ է, որը այլեւս քննարկման ենթակա չէ։