Հաագայի դատարանը հրապարակեց Կոսովոյի անկախության վերաբերյալ դատավճիռը

ՄԱԿ-ի Հաագայում գտնվող Արդարադատության միջազգային դատարանը այսօր հրապարակեց Կոսովոյի Անկախության հռչակագրի վերաբերյալ վճիռը` օրինական ճանաչելով այն։

Պետությունների միջեւ ծագած վեճերը կարգավորելու համար ստեղծված այս դատարանում հարցը քննվում է Սերբիայի նախաձեռնությամբ, որը մինչ օրս շարունակում է դեմ արտահայտվել Պրիշտինայի անկախությանը։

Թեեւ դատարանի վճիռը պարտադիր չէ կիրառման համար եւ խորհրդատվական բնույթ է կրում, այդուամենայնիվ, դրան ուշի- ուշով սպասում էին թե՛ Բելգրադի ու Պրիշտինայի իշխանությունները, եւ թե՛ տարածքային խնդիրներ ունեցող այլ պետությունները։

Կոսովոն իր անկախությունը հռչակեց 2008 թվականին, շուրջ երկու տարի Սերբիայի հետ շարունակված անարդյունք բանակցություններից հետո։

Մինչ օրս պաշտոնական Պրիշտինայի անկախությունը ճանաչել է ավելի քան վեց տասնյակ երկիր, այդ թվում Միացյալ Նահանգներն ու Եվրամիության 27 անդամներից 22-ը։

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը երեկ Վաշինգտոնում հանդիպել էր Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տաչիին եւ հավաստիացրել, որ ԱՄՆ-ը անվերապահորեն սատարում է Կոսովոյի անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը։