Սերժ Սարգսյան. «Երբ Ադրբեջանն ասի՝ ընդունում եմ Մինսկի խմբի սկզբունքները, կշարունակվեն բանակցությունները»

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, նախօրեին Սեւանում այցելելով «Միասին» երիտասարդական շարժման ճամբար եւ պատասխանելով երիտասարդների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցին, հայտարարել է, որ Հայաստանը ընդունել է բանակցային սեղանին դրված նոր առաջարկությունները։

Tert.am-ի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը նշել է, որ իր, Իլհամ Ալիեւի եւ Դմիտրի Մեդվեդեւի՝ սանկտպետերբուրգյան հանդիպման ժամանակ բանակցություններին նոր առաջարկություններ են ներկայացված եղել, եւ Ադրբեջանը պետք է պատասխաներ՝ ընդունում է այդ առաջարկները, թե ոչ։

«Երբ Ադրբեջանն ասի՝ ընդունում եմ Մինսկի խմբի սկզբունքները, կշարունակվեն բանակցությունները, եթե ոչ՝ ուրեմն այլ ճանապարհներ կընտրվեն», - ասել է նախագահ Սարգսյանը՝ ընդգծելով. - «Այո, բանակցությունները շարունակվում են։ Կան վերջին առաջարկությունները, որոնք արվել են Սանկտ Պետերբուրգում։ Մենք ասում ենք, որ այդ փաստաթուղթը բանակցությունները շարունակելու հնարավորություն է տալիս։ Տեսնենք, թե Ադրբեջանն ինչ է ասում»։

Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ հիմնախնդրի կարգավորումը պետք է հիմնվի երեք սկզբունքների վրա՝ տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք և ուժի չկիրառում։