Դավութօղլու. «Հայ - թուրքական կարգավորումը դրական կազդի Ղարաբաղյան կարգավորման վրա»

Թուրքական կառավարությունն այն կարծիքին է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա Ղարաբաղյան խնդրի լուծմանն ուղղված ջանքերի վրա: Zaman պարբերականի փոխանցմամբ` այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

Ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հարցմանը իր գրավոր պատասխանում Դավութօղլուն նշել է. - «Մենք տեսանք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ անցկացվող բանակցությունները թափ ստացան [հայ - թուրքական] կարգավորման գործընթացից հետո, եւ երկու նախագահները 9 հանդիպում են ունեցել»:

Թուրքիայի արտգործնախարարը վստահեցրել է, թե պաշտոնական Անկարան նշանակալի քայլեր է ձեռնարկել հարեւանների հետ խնդիրները բացառելու ուղղությամբ, սակայն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը բաց է մնում:

«Ակնհայտ է, որ Թուրքիայի մեկնած բարեկամական ձեռքը մերժելը ամենաշատը Հայաստանին է վնասելու: Հայաստանի հետ արձանագրությունների ստորագրումը առաջին քայլերն են կարգավորման, որը Թուրքիան դիտարկում է որպես երկարաժամկետ գործընթաց: Միանշանակ, գործընթացի շարունակությունը կախված կլինի խնդիրները լուծելու` Հայաստանի կամքից», - հայտարարել է Դավութօղլուն: