«Դիլիջան» դպրոցի նախաձեռնողները կարող են կասեցնել նախագիծը

«Դիլիջան» միջազգային դպրոցի նախագծի նախաձեռնողներ Ռուբեն Վարդանյանը, Վերոնիկա Զոնաբենդը, Թիմ Ֆլիննը եւ Նուբար Աֆեյանը բաց նամակով դիմել են Հայաստանի հանրային խորհրդի անդամներին` հայտնելով, թե լրջորեն դիտարկում են նախագծի կասեցման եւ Հայաստանից դուրս դրա իրագործման հնարավորությունը:

«Այս պահին մենք ափսոսանքով, բայց լրջորեն դիտարկում ենք նախագծի կասեցման հնարավորությունը: Կարծում ենք, որ նույնիսկ առանց հավելյալ խոչընդոտների այս բարդ նախաձեռնության հաջող մեկնարկի եւ իրականացման համար, նույնիսկ պետության եւ հասարակության կողմից լիակատար աջակցության պայմաններում, հսկայական ջանքեր կպահանջվեն համոզել ծնողներին, որպեսզի որակյալ կրթություն ստանալու եւ բնակվելու համար իրենց երեխաներին ուղարկեն անծանոթ եւ անսովոր մի երկիր: Ստեղծված իրավիճակում մենք նախագիծը զարգացնելու հնարավորություն չենք տեսնում, քանի որ սկզբունքորեն սխալ է դպրոց ստեղծել մերժող միջավայրում», - գրում են նախաձեռնողներն իրենց նամակում, փաստարկելով, որ միջազգային դպրոցի մտահղացումը ենթադրում էր առավելապես օտարերկրյա քաղաքացի հանդիսացող երեխաներին Հայաստանում կրթելու հեռանկար:

«Դիլիջան» դպրոցը տարբեր երկրների երեխաների համար նախատեսված միջազգային մակարդակի պանսիոն դպրոց է: Նախատեսվում է, որ 2020 թվականին դպրոցում կսովորեն 13-18 տարեկան շուրջ 600 երեխաներ, որոնցից մոտ 200-ը կլինեն Հայաստանի քաղաքացիներ», - նշում են նամակի հեղինակները:

Թվարկելով այն առավելությունները, որը կարող է Հայաստանին խոստանալ միջազգային օտարալեզու այս դպրոցի բացումը, նախաձեռնողները գրում են. - «Մեզ խորապես մտահոգում է այն հարցը, թե ինչպե՞ս են իրենց զգալու մեր երեխաները` վեց միլիոնանոց սփյուռքի աճող այն սերունդը, որը Հայաստանում չի ծնվել ու երբեք չի ապրել իր նախնիների երկրում: Մեր երեխաները ձուլվում են, եւ դա չի կարող մեզ չմտահոգել»:

«Ցավոք, այսօր ստիպված ենք խոստովանել, որ հանգամանքների բերումով՝ Հայաստանի հասարակության առաջադեմ ու գործուն ներկայացուցիչների մի հատվածի շրջանում բացասական վերաբերմունք է ձեւավորվել մեր նախագծի հանդեպ», - ընդգծում են նախաձեռնության հեղինակները իրենց ծավալուն նամակում: