Սրեբրենիցայում ոգեկոչում են 15 տարի առաջ իրականացված զանգվածային սպանությունների զոհերին

Տասնյակ հազարավոր մարդիկ Սրեբրենիցայում այսօր հարգանքի տուրք են մատուցում 15 տարի առաջ՝ բոսնիական պատերազմում, սերբ զինվորականների կողմից կոտորված մոտ 8 հազար մահմեդական տղամարդկանց եւ պատանիների հիշատակին։ Սգո արարողություններին մասնակցելու նպատակով Բոսնիա են ժամանել մի շարք երկրների բարձաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, Եվրամիությունում նախագահող երկրի՝ Բելգիայի վարչապետ Իվ Լետերմն ու Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Քուշները։

1995 թվականին բոսնիացի սերբերի կողմից Սրեբրենիցայում իրականացված կոտորածը համարվում է ամենազանգվածային հանցագործությունը Եվրոպայի տարածքում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։

«Սերբիայի նախագահի այցը Սրեբրենիցա՝ հաշտեցմանն ուղղված քայլ է, եւ մերձեցման կամուրջ՝ նախկին Հարավսլավիայի ժողովուրդների համար»,–հայտարարում են Սերբիայի լրատվական գործակալությունները։ Ավելի վաղ Սերբիայի խորհրդարանը բանաձեւ էր ընդունել եւ ներողություն հայցել 15 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար, սակայն խուսափել էր կատարվածը ցեղասպանություն որակելուց։