Հուլիսի 7-ի մամուլ

«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Իրոք, որ թեժ ամառ ստացվեց այս տարի... Անցած տարի այս շրջանում համեմատաբար խաղաղ էր, թեեւ արդեն «ֆուտբոլային դիվանագիտության» շունչն էր զգացվում: Օգոստոսի վերջին օրը, եթե հիշում եք, նախաստորագրվեցին հայ-թուրքական այդքան աղմուկ հանած արձանագրությունները, սակայն կյանքը ցույց տվեց, որ իրականություն դառնալու հեռանկար չունեն: Հիմա նույն ակտիվությունն է տիրում արցախյան խնդրում` առաջարկներ, հայտարարություններ ու ուլտիմատումներ»:
«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Իրոք, որ թեժ ամառ ստացվեց այս տարի... Անցած տարի այս շրջանում համեմատաբար խաղաղ էր, թեեւ արդեն «ֆուտբոլային դիվանագիտության» շունչն էր զգացվում: Օգոստոսի վերջին օրը, եթե հիշում եք, նախաստորագրվեցին հայ-թուրքական այդքան աղմուկ հանած արձանագրությունները, սակայն կյանքը ցույց տվեց, որ իրականություն դառնալու հեռանկար չունեն: Հիմա նույն ակտիվությունն է տիրում արցախյան խնդրում` առաջարկներ, հայտարարություններ ու ուլտիմատումներ: Արդյո՞ք այս ամենը կհասնի իր «տրամաբանական ավարտին», թե՞ կարժենա հայ-թուրքականի ճակատագրին: Մի բան պարզ է` գործող նախագահը երկրի ներսում փոփոխությունների ռեսուրս չի տեսնում եւ հայացքը ուղղել է դեպի արտաքին քաղաքականություն, արտերկրի հետ հարաբերությունների կարգավորում: Անգամ կադրային հարցերում է Սերժ Սարգսյանը զգուշավոր ու սպասողական: Դրանց որոշել է անդրադառնալ այն ժամանակ, երբ դրսում խնդիրները կլուծվեն: Բայց արդյո՞ք կլուծվեն այդ խնդիրները, եւ արդյո՞ք ժամանակ ու հնարավորություն կունենա անդրադառնալ նաեւ ներքաղաքական կյանքին»:

«Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում ՀՀԿ-ի փոխնախագահ, պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը ասում է. - «Տիկին պետքարտուղարի այցն սկսվեց Ուկրաինայից ու ավարտվեց Վրաստանում։ Սրանք այն երկրներն են, որտեղ Միացյալ Նահանգները հատկապես են սատարել «ժողովրդավարական փոփոխություններին»։ Թե ինչ արդյունք ու տխուր հետեւանքներ ունեցան նարնջագույն ու վարդերի հեղափոխությունները այդ երկրների համար, հիմա շատ ավելի լավ է տեսանելի։ Տիկին Քլինթոնը այս տարածաշրջանային այցով հաստատում է, որ նոր նախագահ ու նոր պետքարտուղար` նշանակում է նաեւ նոր արտաքին քաղաքականություն, որն էապես է տարբերվելու Բուշ կրտսերի նախագահության շրջանում Կոնդոլիզա Ռայսի իրագործած արտաքին քաղաքական դրսեւորումներից։ Հատկապես նշանակալի է, որ տիկին պետքարտուղարը չկարեւորեց քաղաքական ընդդիմության հետ հանդիպումը։ Թեեւ արմատականները նման հույս փայփայում էին, սակայն հուսախաբ եղան ու չեն կարողանում թաքցնել իրենց շփոթմունքը։ Հիլարի Քլինթոնը հստակ ցուցադրեց, որ այլեւս իրենք գունավոր հեղափոխությունների չեն ապավինելու, հորդորելու են ընդդիմադիրներին` լինել առավել կառուցողական ու հանդուրժողական եւ գործնական ու արդյունավետ համագործակցություն են ծավալելու իշխանությունների, կառավարությունների հետ»։

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Ամեն անգամ, երբ առիթ է լինում խոսել միջազգային կառույցների առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների մասին (դրանք, ի դեպ, շատ էլ ահավոր պարտավորություններ չեն` խոսքն ընդամենը սեփական օրենքները հարգելու մասին է), Հայաստանի իշխանական ու մերձիշխանական եւ «ազգային-ազատագրական» շրջանակներում իսկույն հարայ-հրոց է բարձրանում. առանց այն էլ Հայաստանի վիճակը ծանր է, իսկ որոշ ազգադավ ուժեր այս ծանր պահին համախմբվելու փոխարեն թիկունքից հարված են հասցնում մեր պետականությանը... Ո՞ւմ է ձեռնտու, որ Հայաստանը հայտնվի ծանր վիճակում` արտաքին վտանգներին դեմ-հանդիման: Որեւէ մեկի մտքով չի՞ անցել, որ դա առաջին հերթին ձեռնտու է հենց իշխանություններին: Ինչո՞ւ: Որովհետեւ ինչքան մեծանում է արտաքին վտանգը, այնքան երկրի ներսում նորմալ քաղաքական պայքարն ընկալվում է որպես «թիկունքից հարված», համարյա դավաճանություն: Որեւէ մեկի մտքով չի՞ անցել, որ Սերժ Սարգսյանը կարող է միտումնավոր բարդացնել Հայաստանի վիճակը, որպեսզի երկրի ներսում ավելի հեշտությամբ պայքարի ընդդիմության դեմ»:

«Ազգ»-ը տեղեկացնում է. - «Ըստ ԱԺ լրատվական ծառայության` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը , պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի այն դիտարկմանը, թե ԵԽԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն իր վերջին հարցազրույցներում ասել է, թե տեղյակ չի եղել ադրբեջանական ռազմատենչ հայտարարությունների եւ նույնիսկ հունիսի 18-ի գիշերը ադրբեջանցիների կազմակերպած սադրանքի մասին, ասել է. «Առնվազն տարակուսանք է հարուցում, որ ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուն խոստովանում է, թե տեղյակ չէ ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող կարեւոր զարգացումներին, որոնց մասին շուրջ երկու շաբաթ բարձրաձայնում է միջազգային հանրությունը, հայտարարություններ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները, միջազգային կառույցները: Եթե իրոք այդպես է, ապա դա կրկին ապացուցում է հայկական կողմի այն պնդումը, որ ԵԽԽՎ-ի որեւէ մարմին բավարար կոմպետենտություն չունի զբաղվելու ԼՂ խնդրով եւ դա կարող է միայն վտանգել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը»: