Վտանգները ժամանակավորապես չեզոքացվել են

Լուսանկարը` կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության

Երեքշաբթի առավոտյան Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը բնապահպանության, գյուղատնտեսության եւ արտակարգ իրավիճակների նախարարների հետ այցելել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոց` տեղում ծանոթանալու կատարված աշխատանքներին:

Մի քանի ամիս առաջ տարածքում էկոլոգիական արտակարգ իրավիճակ էր ստեղծվել, քանի որ անհայտ անձինք ծանր տեխնիկայով քանդել էին գերեզմանոցը, եւ վտանգավոր թունաքիմիկատները հայտնվել էին բաց երկնքի տակ: Վարչապետին այցի ընթացքում զեկուցվել է, որ հարցի առնչությամբ Ոստիկանությունը արդեն հարուցել է քրեական գործ։

Թունաքիմիկատների գերեզմանոցում վտանգները ժամանակավորապես չեզոքացվել են։ Այդ աշխատանքների համար կառավարությունը 2010 թվականի երկրորդ եռամսյակում հատկացրել է շուրջ 32 միլիոն դրամ (շուրջ 85 հազար դոլար)։ Այժմ թունաքիմիկատները հավաքվել եւ թաղվել են, տարածքը մաքրվել է, պատվել է անջրթափանց շերտով, գոտեւորվել է փշալարերով, տեղադրվել են զգուշացնող նշաններ եւ պահակակետ:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հավաստմամբ, կատարվել է շուրջ 31 միլիոն դրամի շինարարական աշխատանք, 700 հազար դրամ հատկացվել է նախագծային եւ մնացած այլ աշխատանքների իրականացմանը։

Վարչապետը լսել է հասարակական կառույցների ներկայացուցիչներին, ովքեր առաջարկում են խնդրին վերջնական լուծում տալ։

Տիգրան Սարգսյանի խոսքով` տարածքում դեռ պետք է շարունակվեն ուսումնասիրությունները, եւ վերջնական որոշումը կկայացվի միջազգային փորձագետների եզրակացությունից հետո։

«Կառավարությունն արդեն բավական միջոցներ է ծախսել, որպեսզի վտանգավոր հետեւանքները գերեզմանատան մակերեսի բացման այս պահին վերացնենք, չեզոքացնենք», - կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ասել է վարչապետը: - «Համոզված եմ, որ այնպիսի լուծումներ ենք տալու, որ այս խնդիրը վերջնականապես լուծվի եւ բոլորս վստահ լինենք, որ այլեւս շրջակա միջավայրին որեւէ վտանգ չի սպառնում»։

Տիգրան Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել հասարակական կազմակերպություններին խնդրի կարգավորման գործում ակտիվ մասնակցության համար:

Բնապահպանական տագնապալի վիճակի մասին ահազանգած «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի հասարակական կազմակերպության փորձագետ Լիլիկ Սիմոնյանը ասում է, որ թունաքիմիկատների գերեզմանոցը բերվել է նախնական վիճակին` մինչեւ քանդելը:

«Ֆինանսներ տրամադրեցին, միջոցառումներ կատարեցին, թունաքիմիկատների գերեզմանոցը հիմա ծածկել են, ջրատար խողովակներ են անցկացրել, ցանկապատել են, դրել են պահակակետ, որտեղ մարդ պետք է լինի, որպեսզի մարդիկ չմտնեն-չքանդեն, բայց այդ ամենը ժամանակավոր միջոցառումներ են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց փորձագետը:

Շուրջ 500 տոննա թունաքիմիկատներ պարունակող գերեզմանոցը սողանքային գոտում է: Լիլիկ Սիմոնյանի վկայությամբ` այդ տարածքում թունավոր նյութերի ահռելի պաշարներ ունենալը կարող է սարսափելի հետեւանքների հանգեցնել. - «Ապագայում կարող է փլուզումներ լինեն, եւ կան ներքեւի մասում գերեզմանոցի, փլուզման հետքերը երեւում են: Ճաքերը վերացել են, որովհետեւ հողով ծածկվել են, բայց անձրեւաջրերից, ձնհալից հետո նորից կարող է այդ ամեն ինչը բացվել»:

«Մանավանդ հիմա էլ, որ հողով ծածկել են, քաշը ավելացել է այդ գերեզմանոցի, այն ավելի արագ կարող է շարժվել, քան կողքի հողերը, եւ սողանքը ավելի կարող է ակտիվանալ դրա հետեւանքով», - ընդգծեց Լիլիկ Սիմոնյանը` եզրակացնելով. - «Այսինքն, այդ գերեզմանոցը այդտեղից պետք է հանվի, այդտեղ իրավունք չկա պահպանել այդ թունաքիմիկատները»: