Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռոզա Օթունբաեւայի հետ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Աստանայում հանդիպում է ունեցել Ղրղըզստանի անցումային շրջանի նախագահ Ռոզա Օթունբաեւայի հետ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը շնորհավորել է Օթունբաեւային` պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:

Ղրղըզստանի ղեկավարը ներկայացրել է իր երկրում ստեղծված քաղաքական եւ տնտեսական իրավիճակը, ինչպես նաեւ երկրի ժողովրդավարացման ուղղությամբ ժամանակավոր կառավարության կողմից ձեռնարկվելիք քայլերը:

Հայաստանի նախագահը Ղազախստանի մայրաքաղաքում մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵՎՐԱԶԵՍ) միջպետական խորհրդի նիստին: Հայաստանը այդ կազմակերպությունում 2003 թվականից ունի դիտորդի կարգավիճակ:

Միջպետական խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցել են նաեւ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղըզստանի եւ Տաջիկստանի նախագահները: Պետության ղեկավարները բանակցություններ են վարել նեղ, ապա` ընդլայնված կազմով, որից հետո ստորագրել են նիստի ամփոփիչ փաստաթղթերը:

Նիստում, մասնավորապես, անդրադարձ է եղել ԵՎՐԱԶԵՍ-ի շրջանակում մաքսային միության ձեւավորմանը, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման ուղղությամբ ԵՎՐԱԶԵՍ-ի անդամ երկրների համատեղ միջոցառումների իրականացման ծրագրին:

Սերժ Սարգսյանը Աստանայում երեկոյան կմասնակցի նաեւ Մայրաքաղաքի օրվան նվիրված պաշտոնական ընդունելությանը, իսկ վաղը կվերադառնա Երեւան: