Your browser doesn’t support HTML5
«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է ուժի, ինչպես նաեւ ուժի սպառնալիքի կիրառումը», - հայտարարեց ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կիրակի օրը Երեւանում կայացած ասուլիսի ժամանակ:
«Մենք մեր անհանգստությունն ենք հայտնել ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի նախագահներին, որ բռնություններին վերադառնալը անընդունել է: Մենք ցավում ենք մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած իրադարձության համար», - ասաց Քլինթոնը:
«Մենք ցավում ենք մարդկային զոհերի համար, որոնք տեղի ունեցան ուժի կիրառման հետեւանքով: Սրանք 1994 թվականի հրադադարի համաձայնագրի անընդունելի խախտումներ են», - ընդգծեց պետքարտուղարը:
«Դա նաեւ հակասում է երկու կողմերի ստանձնած պարտավորություններին: Ուստի մենք կոչ են անում յուրաքանչյուրին` ձեռնպահ մնալ ուժի կիրառումից, այդ թվում եւ ուժի սպառնալիքի գործադրումից, քանի որ մենք չենք ցանկանում տեսնել մարդկային զոհեր կամ վիրավորներ, մենք չենք ցանկանում տեսնել անհատների եւ ընտանիքների տեղահանումներ եւ մենք չենք ցանկանում, որ բանակցային խաղաղ գործընթացին վնաս հասցվի», - հայտարարեց Քլինթոնը` մեկ անգամ եւս վստահեցնելով, որ «Միացյալ Նահանգները դատապարտում է ուժի եւ ուժի սպառնալիքի գործադրումը»:
«Խոստումնալից է, որ Մինսկի խմբի գործընթացը շատ ինտենսիվ փուլում է: Ի հավելումն հայտարարության, որով անցած շաբաթ հանդես եկան ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները, Հայաստանն ու Ադրբեջանը ընդունում են¸ որ ցանկացած կարգավորում պետք է հիմնված լինի Հելսինկյան սկզբունքների վրա», - ասաց Քլինթոնը:
Հիշեցնելով, որ «մի շարք լուրջ խորհրդակցություններ եղան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ, բոլորովին վերջերս` երկու շաբաթ առաջ, նաեւ Սանկտ Պետերբուրգում` նախագահ Մեդվեդեւի հետ», պետքարտուղարը հավելեց. - «Այժմ մենք հուսով ենք տեսնել իրական առաջընթաց [Ղարաբաղյան կարգավորման] հիմնարար սկզբունքները ամբողջացնելու ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա մշակելու վերջնական խաղաղ կարգավորումը [փաստաթուղթը]»:
«Յուրաքանչյուր ոք գիտի, որ այդ քայլերը դժվար է կատարել, բայց մենք հավատում ենք, որ դրանք կարեւոր քայլեր են: Նախ եւ առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, ինչպես նաեւ Հայաստանի, Ադրբեջանի ու ամբողջ տարածաշրջանի շահերից է բխում, որպեսզի մենք աշխատենք միասին հնարավորինս ջանասիրաբար` հանգելու այս հակամարտության ընդունելի եւ երկարատեւ կարգավորման», - ընդգծեց Հիլարի Քլինթոնը:
Պատասխանելով այն դիտարկմանը, որ Թուրքիան չի կատարում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու իր հանձնառությունը, որ ստանձնել էր հենց ԱՄՆ-ի պետքարտուղարի ներկայությամբ, Քլինթոնը ասաց¸ թե Միացյալ Նահանգները հավատում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը կմեծացնի կայունությունը, նաեւ բաց սահմանները խթան կհանդիսանան առեւտրի ծավալների եւ ներդրումների ավելացման համար:
«Այնուամենայնիվ, ինչպես գիտեք, դրանք իրականություն չեն դարձել, որոշ խնդիրներ եւ խոչընդոտներ եղան: Բայց ես շատ ուրախ եմ, որ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ անկախ Թուրքիայից եկող խնդիրներից` Հայաստանը շարունակում է պատրաստ մնալ հարաբերությունների կարգավորմանը եւ կասեցնում է գործընթացը, մինչեւ որ թուրքական կողմը պատրաստ լինի առաջ շարժվել», - հայտարարեց ԱՄՆ-ի պետքարտուղարը եւ շարունակեց. - «Մենք ողջունում ենք Ձեր նախագահի որոշումը, քանի որ դա որոշում է շարունակել աշխատանքը հաշտեցման շուրջ` անկախ գոյություն ունեցող խոչընդոտներից: Եվ մենք հորդորում ենք Թուրքիային ձեռնարկել քայլերը, որոնք նա խոստացել է ձեռնարկել: Մենք կոչ ենք անում նաեւ երկու կողմերին ջանքեր գործադրել եւ շարունակել որոնել հարաբերությունների կարգավորման դուռը բացելու հնարավորություններ»:
«Բայց Հայաստանի` ապրիլին կայացրած որոշումը պետական գործչին վայել եւ տպավորիչ որոշում էր: Եվ ինչպես ասում են սպորտում` գնդակը մրցակցի դաշտում է», - ընդգծեց Հիլարի Քլինթոնը:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, իր հերթին, համատեղ ասուլիսի ժամանակ անդրադառնալով հայ - թուրքական հարաբերություններին, հայտարարեց, թե Հայաստանը համամիտ է Միացյալ Նահանգների հետ, որ պետք է կարգավորել հարաբերությունները առանց նախապայմանների եւ հարգել պայմանավորվածությունները:
«Եվ մենք պատրաստ կլինենք շարժվել առաջ, երբ որ Անկարան եւս նորից պատրաստ կլինի շարժվել առաջ, կարգավորել հարաբերությունները առանց նախապայմանների», - ասաց Նալբանդյանը:
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը¸ ապա Հայաստանի արտգործնախարարը տեղեկացրեց, որ Սանկտ Պետերբուրգում համանախագահները կողմերին են ներկայացրել Մադրիդյան առաջարկների նոր տարբերակ:
«Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո ես հայտարարել էի, որ եւս մեկ կարեւոր հանգրվան գրանցվեց բանակցությունների գործընթացում, կողմերը պայմանավորվեցին շարունակել բանակցությունները այն հիման վրա, ինչին հասել ենք մինչ այսօր, այսինքն` մինչ հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, երբ որ ներկայացվեց կողմերին նոր տարբերակը Մադրիդյան առաջարկների», - ասաց Նալբանդյանը:
«Գիտեք, մի քանի օր առաջ այստեղ նաեւ եռանախագահներն էին, որոնց հետ մենք քննարկեցինք` շարունակել բանակցությունները հենց այս պայմանավորվածությունների հիման վրա, եւ նաեւ քննարկեցինք հնարավոր հանդիպման կազմակերպումը` նախարարների մակարդակով, հուլիս ամսի 16-ին, ԵԱՀԿ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում», - փոխանցեց Հայաստանի արտգործնախարարը:
Նախագահական նստավայրում տեղի ունեցած ասուլիսից հետո ԱՄՆ-ի պետքարտուղարը Հայաստանի արտգործնախարարի հետ զբոսնել է Երեւանի փողոցներում: Մասնավորապես, Հիլարի Քլինթոնը քայլելով անցել է Բաղրամյան պողոտան, ապա Հյուսիսային պողոտայով հասել է Հանրապետության հրապարակ, այնտեղից էլ ուղեւորվել «Արմենիա-Մարիոթ» հյուրանոց, որտեղ պետքարտուղարը իջեւանել է անցած գիշեր: