Համանախագահները Երեւանում հանդիպումներ կունենան հուլիսի 3-ին

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում Երեւանում հանդիպումներ կունենան շաբաթ օրը` հուլիսի 3-ին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը:

Նախատեսված են միջնորդների հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը դժվարացավ պատասխանել այն հարցին` այցելելո՞ւ են արդյոք միջնորդները նաեւ Լեռնային Ղարաբաղ:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Մինսկի խմբի համանախագահները Բաքու են ժամանելու երկուշաբթի օրը` հուլիսի 5-ին:

Արման Հովհաննիսյան