Բացվեց Գրողների համահայկական 5-րդ համաժողովը

Նախօրեին Գրողների համահայկական համաժողովի մասնակիցներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը, լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի

Հայաստանի գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը երեքշաբթի օրը բացվեց Գրողների համահայկական 5-րդ համաժողովը, որին մասնակցում են 300-ից ավելի պատվիրակներ:
20 երկրներից ժամանած շուրջ 90 սփյուռքահայ գրողներն ու նրանց հայաստանցի գրչակիցների քննարկումները առաջիկա օրերին նվիրված կլինեն «Նոր իրականություն եւ նոր գրականություն», «Հայ գրականությունն արդի աշխարհի համատեքստում», «Ժամանակակից
Գրողների 5-րդ համահայկական համաժողովի դահլիճում
հայ գրականության միջազգայնացումը», «Գրական մամուլը Հայաստանում եւ Սփյուռքում» եւ այլ խնդիրների:

Համագումարի պատվիրակներից Երեւանի պետական համալսարանի Հայ գրականության ամբիոնի վարիչ Վազգեն Գաբրիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում առանձնացրեց հետեւյալ խնդիրները. - «Որքան հնարավոր է` ավելի մոտենալ կյանքին եւ ոչ թե օդում սավառնել, ինչպես որ մեր շատ պոետներ: Ազգային մտածողություն եւ ո'չ դրսից եկած տարբեր գրական եւ այլ կարգի հոսանքներ ու ոճեր: Երկու ոտքով` մայր հողի վրա»:

Գրականագետ Դավիթ Գասպարյանը գրականության խնդիրներից կարեւորեց «հայոց լեզվի համար շարունակվող պատերազմը, որ այսօր վտանգի է ենթարկվում», «գրականության ուսուցումը դպրոցում, բուհերում, որը ոտնահարվում է»:

Սփյուռքահայ անվանի բանաստեղծներից երուսաղեմաբնակ Անուշ Նագգաշյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում սփյուռքահայ գրականության խնդիրներին անդրադառնալով` ասաց. - «Ժամանակի հետ փոխվում են թեմաները: Օրինակ, Մեծ եղեռնից հետո սփյուռքում նյութը ամբողջովին հայապահպանումն էր, Հայաստանը սովետական ռեժիմի տակ էր: Այսօր դարձյալ հայապահպանման մասին է մեր գրականության նյութը, բայց` արդեն ուրիշ ձեւով»:

Ամենացավալին, ըստ Նագգաշյանի, այն է, որ հայ գրողները սփյուռքում սկսում են գրել ոչ հայերեն:

Ստամբուլում հրատարակվող «Մարմարա» օրաթերթի հիմնադիր խմբագիր Ռոբեր Հատտեճյանը նույնպես ցավով խոսեց սփյուռքում տարեցտարի ավելացող օտարագիր հայ գրողների թեմային: Նրա համոզմամբ, օտար լեզվով գրվող գրականությունը դժվար է հայ գրականություն կոչել:

«Որովհետեւ գրականությունը ինչ լեզվով որ գրվում է, այդ ազգին, այդ ժողովրդին է պատկանում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստարկեց նա` շարունակելով. - «Այդ տեսակետից, ես կարծում եմ, որ սփյուռքում հայ գրականությունը, դժբախտաբար, շատ-շատ 10 տարի, 15 տարի եւս կդիմանա, իսկ դրանից հետո, եթե մի հրաշք չպատահի... Բայց ես հրաշքի հավատացողներից եմ, քանի որ հայ ժողովուրդը քանիցս հրաշքներ է իրագործել...»:

Արձակագիր Ռուբեն Հովսեփյանի համոզմամբ` կարեւորը գրելն է. - «Թող նույնիսկ գրամոլները գրեն, թող գրեն, մի բան դուրս կգա»: