Երեւանում քննարկվում են մրցակցային քաղաքականության բարելավման ուղիները

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստերից մեկում ներկայացված ապրանքներ

Երեքշաբթի օրը Երեւանում մեկնարկեց մրցակցային մարմինների ներկայացուցիչների միջազգային սեմինար, որը կշարունակվի մինչեւ հուլիսի 1-ը:
Նախաձեռնությունը Մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնինն է, որի ղեկավար Անդրեա Բելինիի փոխանցմամբ, Հայաստանում 14 երկրների ներկայացուցիչների եւ փորձագետների հետ քննարկելու են գերիշխող դիրքի չարաշահման եւ հակամրցակցային գործունեության դեպքերը` նպատակ ունենալով նպաստել մրցակցային քաղաքականության եւ օրենսդրության բարելավմանը:

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտնեց, որ իրենք սեմինարի ընթացքում ներկայացնելու են մի քանի խնդրահարույց գործեր, որ հանձնաժողովը ունեցել է վերջին տարիների ընթացքում` «ԱրմենՏել», Coca Cola ընկերությունների դեմ եւ դեղորայքի շուկայում հարուցված վարույթները:

«Արդյունքում ակնկալում ենք բացահայտել հաջողված փորձը եւ մշակել կոնկրետ քայլեր հետագայում այդ երեւույթների դեմ պայքարելու ուղղությամբ», - ասաց Շաբոյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, թե ո՞րն է, իր տեսանկյունից, Հայաստանի հիմնական խնդիրը այս ոլորտում, Անդրեա Բելինին ասաց, որ դժվարանում է առանձնացնել մեկ կոնկրետ խնդիր:

«Ես չեմ կարծում, թե Հայաստանում մեկ կոնկրետ խնդիր կա, այդ պատճառով ամեն ինչ պետք է համակցված դիտել, պետք է պատրաստ լինել խնդիրներին, պետք է պատրաստված լինել` լուծելու դրանք: Եթե տեսնում եք սխալներ այդ գործերում, ապա պետք է նաեւ փոփոխության ենթարկեք քաղաքականությունն ու օրենսդրությունը: Ես չեմ կարծում, թե Հայաստանում կա կոնկրետ խնդիր. կան կոնկրետ դեպքեր, որ իրարից տարբեր են եւ որոնք տարբեր մոտեցումներ են պահանջում», - ընդգծեց Մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի ղեկավարը:

Արտակ Շաբոյանի կարծիքով` հիմնական խնդիրներից մեկը մրցակցային կանոնները խախտելու դեպքում նախատեսված համեմատաբար մեղմ պատիժներն են:

«Մոտ ժամանակներս մենք նախատեսում ենք մեր օրենսդրության վերանայում, եւ հատկապես անբարեխիղճ մրցակցության գծով պատժամիջոցների մասով մենք նախատեսում ենք զգալիորեն խստացնել պատասխանատվության միջոցները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը:

Անկախ փորձագետ, տնտեսագետ Սամվել Ավագյանի համոզմամբ, մինչդեռ, միայն պատիժների խստացումը կամ հանձնաժողովի իրավասությունները ընդլայնելը մրցակցային դաշտը Հայաստանում չեն բարելավի:

«Քաղաքական կամք է հարկավոր, որովհետեւ կարծես թե Սահմանադրությունն ու օրենքները բավարար իրավական դաշտ ստեղծել են: Ուրեմն, պակասում է քաղաքական կամքը», - ասաց փորձագետը:

Մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը ամեն տարի սեմինարներ է կազմակերպում Հունգարիայի մայրաքաղաքում: Այս տարի առաջին անգամ որոշվել է միջազգային սեմինարն անցկացվեն Հայաստանում: