Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները աջակցություն են հայտնում ղարաբաղյան կարգավորման գործընթացին

Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահները շաբաթ երեկոյան հանդես են եկել հայտարարությամբ, որում աջակցություն են հայտնում Հայաստանին եւ Ադրբեջանին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերելու գործում։

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, Դմիտրի Մեդվեդեւը, Բարաք Օբաման եւ Նիկոլա Սարկոզին Կանադայում անցկացվող «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի ընթացքում հայտարարել են, որ Հայաստանը եւ Ադրբեջանը նշանակալից առաջընթաց են արձանագրել հակամարտության հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու գործում։

«Այժմ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է կատարեն հաջորդ քայլը եւ ավարտեն աշխատանքը հիմնարար սկզբունքների վրա, ինչը հնարավորություն կստեղծի անցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստմանը», – ասված է հակամարտության կարգավորման միջնորդ հանդիսացող ԵԱՀԿ–ի Մինսկի խմբում համանախագահող 3 երկրների ղեկավարների կողմից հրապարակված համատեղ հայտարարության մեջ։

Երեք նախագահները «կարեւոր առաջընթաց» են գնահատել այն փաստը, որ հակամարտության կողմերը որպես Ղարաբաղի հարցի երկարաժամկետ լուծման հիմք ընդունում են Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաեւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների կողմից 2009 թվականի հուլիսի 10–ին իտալական Աքվիլա քաղաքում հրապարակված սկզբունքները։

«Հիշյալ սկզբունքները», – հայտարարությունում ընդգծել են երեք նախագահները, – «ներառում են Լեռնային Ղարաբաղը շրջապատող օկուպացված տարածքների վերադարձ, Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ, անվտանգության երաշխիքներ եւ ինքնակառավարում, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով, ներքին տեղահանված անձանց եւ փախստականների` իրենց նախկին մշտական բնակության վայրերը վերադառնալու իրավունք, անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն»։

Հուլիսի սկզբին նախատեսվում է ԱՄՆ–ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան եւ Ադրբեջան։