Նալբանդյան. «Միջազգային հանրության կոչերը կարող են դեղին քարտ համարվել Ադրբեջանի համար»

Հայաստան – Հայաստանի եւ Ավստրիայի արտգործնախարարների ասուլիսը, Երեւան, 25-ը հունիսի, 2010թ.

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կարծիք է հայտնել, որ միջազգային հանրությունը պետք է ավելի հստակ դիրքորոշում արտահայտի Ադրբեջանի կողմից իրականացվող ոտնձգությունների, ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ։
«Ռազմատենչ հայտարարություններ անողներին, սադրանքների կազմակերպիչներին եւ հրադադարի ռեժիմը կոպտորեն խախտողներին չխրախուսելու առումով, անշուշտ, ավելի ճիշտ է անուններով խոսել եւ նշել պատասխանատուին», - ուրբաթ օրը ասաց Նալբանդյանը՝ Ավստրիայի արտգործնախարար Միխայել Շպինդելեգերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գոտում տեղի ունեցած եւ մարդկային զոհերի պատճառ դարձած միջադեպին։

Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գոտում տեղի ունեցած եւ մարդկային զոհերի պատճառ դարձած միջադեպի առնչությամբ, մասնավորապես, հայտարարություններ էին տարածել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները, Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը եւ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը: Այդ հայտարարություններում, սակայն, հակամարտության կողմերից որեւէ մեկի հասցեին կոնկրետ մեղադրանքներ չէին հնչեցվել:

Այդուհանդերձ, ըստ Նալբանդյանի, միջազգային հանրության կոչերն ուղղված են Ադրբեջանին եւ կարող են դեղին քարտ համարվել նրա համար:

«Մեր շփումների մեջ այդ հայտարարությունները անողները ասում են մեզ, որ՝ դուք տեսնում եք, որ այդ հայտարարությունները պարզ է ում են ուղղված։ Որովհետեւ պարզ է, որ Հայաստանը չէ ռազմատենչ հայտարարություններ անում, պատերազմի կոչեր անում, Հայաստանը չէր, որ կազմակերպել էր այդ սադրանքը։ Այսինքն, այս հայտարարությունները եւ կոչերը առաջին հերթին ուղղված են Ադրբեջանին», - եզրակացրեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Նալբանդյան. Մեր շփումներում այդ հայտարարությունները անողները ասում են մեզ, որ՝ դուք տեսնում եք, որ այդ հայտարարությունները պարզ է ում են ուղղված ...
Արտգործնախարար Նալբանդյանը այսօր նաեւ հայտարարեց, թե Ադրբեջանը նաեւ փորձում է կրոնական երանգ տալ այս հիմնախնդրին եւ ձգտում է իր արկածախնդրության մեջ ներքաշել իսլամական երկրներին։

«Այդ իմաստով կարծում եմ, որ պետք է հստակ դիրքորոշում արտահայտվի միջազգային հանրության կողմից, որպեսզի ոչ միայն չխրախուսվի, այլ նաեւ տպավորություն չստեղծվի Ադրբեջանի կողմից, որ միջազգային հանրությունը կարող է ըմբռնումով մոտենալ այդ կարգի ոտնձգություններին եւ ռազմատենչ հայտարարություններին»։

Ասուլիսի մյուս բանախոս` Ավստրիայի արտգործնախարար Միխայել Շպինդելեգերը հրաժարվեց մեկնաբանել Ադրբեջանի իր պաշտոնակից Մամեդյարովի հայտարարությունները, որոնք վերջինս հնչեցրել էր Շպինդելեգերի հետ Բաքվում կայացած համատեղ մամլո ասուլիսին:

«Ես չեմ մեկնաբանում իմ գործընկերների հայտարարությունները եւ Ղարաբաղյան հարցը լուծելու նպատակով չեմ ժամանել այստեղ` դրանով զբաղվում է ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը», - պարզաբանեց Շպինդելեգերը։

Հարցին, թե Հարավային Կովկասում դեսպանատուն բացելու հարցում ինչու է Ավստրիան նախապատվությունը տվել Բաքվին, Ավստրիայի արտգործնախարարը պատասխանեց, թե ճգնաժամի պայմաններում երեք դեսպանատներ բացելն առայժմ իրենց բյուջեի հնարավորությունից վեր է, իսկ հատկապես Բաքվում դեսպանատուն բացելու մտադրությունը պայմանավորված է «Նաբուկո» գազամուղի կառուցման ծրագրով:

Պատասխանելով ավստրիացի լրագրողի հարցին` ներկայումս հնարավո՞ր է ինչ-որ կերպ աշխուժացնել հայ-թուրքական մերձեցման գործընթացը, Հայաստանի արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասաց. - «Կարելի է աշխուժացնել այն ժամանակ, երբ որ թուրքերը հարգեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերել եւ առանց նախապայմանների վավերացնեն արձանագրությունները եւ իրականացնեն այն, ինչ որ պարունակում են այդ արձանագրությունները։ Մինչդեռ արձանագրությունները ստորագրելուց հետո Թուրքիան վերադարձել է նախապայմանների այն լեզվին, որն օգտագործում էր այս գործընթացը սկսելուց առաջ»։