Սեմնեբի. «Լարված իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ»

Your browser doesn’t support HTML5

Հարավային կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին գնահատել է հայ-ադրբեջանական սահմանագծին տեղի ունեցած զինված բախումը։ Հարցազրույցը՝ Կարինե Քալանթարյանի։

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում անցած շաբաթավերջին Մարդակերտի շրջանում տեղի ունեցածը «ցավալի միջադեպ» որակելով` ասաց, թե միջադեպը վկայում է, որ շփման գոտում «իրավիճակը լարված է եւ հեշտությամբ կարող է դուրս գալ վերահսկողությունից»:

Եվրոպացի պաշտոնյայի կարծիքով, անհրաժեշտ է ձեռնարկել «բոլոր հնարավոր միջոցները` լարվածությունը մեղմելու համար», ինչը «կնպաստի նաեւ բանակցությունների ընթացքում լուծումներ գտնելուն»:

Դիտարկմանը, թե ադրբեջանական հարձակումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ հանդիպումից անմիջապես հետո, իսկ Հայաստանի արտգործնախարարը «սադրիչ գործողություն» է որակել տեղի ունեցածը, Սեմնեբին գերադասեց արձագանքել առանց գնահատականներ տալու` շեշտելով, թե չի ցանկանում պատճառների մասին խոսել, քանի դեռ «տեղեկությունները երկրորդ աղբյուրից են ստացված»:

Էդվարդ Նալբանդյանի գնահատականի վերաբերյալ եվրոպացի պաշտոնյան ասաց, թե «բառերի ուշադիր ընտրությունը ակնհայտորեն օգտակար կլինի բանակցությունների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու առումով»:

Սեմնեբին հերթական այցով Հայաստան է ժամանել 2 օր առաջ, արդեն հանդիպումներ է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:

Հայաստանի առաջին նախագահի հետ հանդիպման ընթացքում, Սեմնեբիի փոխանցմամբ, քննարկվել են, մասնավորապես, «ներքաղաքական, տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր, անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլին»:

Փիթեր Սեմնեբին ափսոսանք հայտնեց, որ հայ-թուրքական գործընթացը սառեցվել է` միաժամանակ հույս հայտնելով, որ երկու երկրների խորհրդարանները կվավերացնեն արձանագրությունները, ինչը համար «համապատասխան մթնոլորտ» է պետք, ինչը, իր հերթին, պայմանավորված է մի շարք գործոններով (այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցով):

Նրա խոսքով, հայ-թուրքական հարաբերություններն ու Լեռնային Ղարաբաղը, «իհարկե, առանձին խնդիրներ են», եւ դրանցից յուրաքանչյուրն իր «ուրույն ճանապարհն ունի», բայց պետք չէ անտեսել, որ գործընթացներից յուրաքանչյուրը «որոշակի ազդեցություն ունի ընդհանուր մթնոլորտի վրա եւ անուղղակի ազդեցություն` մեկը մյուսի վրա»:

Այս ամիս ավելի վաղ, Եվրամիության արտգործնախարար Քեթրին Աշթոնը առաջարկել էր վերացնել Հարավային Կովկասում եւ Մոլդովայում կազմակերպության հատուկ ներկայացուցիչների պաշտոնները: Այս առնչությամբ Սեմնեբին գերադասեց մեկնաբանություններ չտալ:

Ըստ որոշ տեղեկությունների, մինչդեռ, ծրագիր կա տարածաշրջանում ձեւավորել Եվրամիության դեսպանություն, որի կենտրոնը կլինի Թբիլիսիում: Սեմնեբին ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այս տեղեկատվությունը` պարզապես նշելով, թե Հարավային Կովկասի բոլոր երեք հանրապետություններն էլ «կարեւոր գործընկերներ են Եվրամիության համար», եւ անհրաժեշտ է, որ «յուրաքանչյուր երկրում Եվրամիությունն ունենա պատշաճ ներկայացվածություն»: