Հունիսի 17-ի մամուլ

«Հրապարակ»-ը, անդրադառնալով ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Մարգարեթ Սեկագյայի Հայաստան կատարած այցին, ընդգծում է. - «Ասենք թե նա ընդգրկուն տեղեկատվություն հավաքի, թացը չորից զատի, եւ իր համար պարզ դառնա, թե մեր երկրում մարդու իրավունքների ոլորտում ինչ իրավիճակ է տիրում, անգամ եթե իր առաջիկա զեկույցում էլ ներկայացնի այդ անմխիթար իրավիճակը, դրանից ի՞նչ է փոխվելու: Արդյո՞ք ՄԱԿ-ի, ԵԽԽՎ-ի, ԵՄ-ի նման հեղինակավոր կառույցների կարծիքն ու վերաբերմունքը վճռորոշ է մեզանում եւ կարող է ազդել տարբեր գործընթացների եւ մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության խնդրի վրա: Արդյո՞ք իշխանական կառույցներն անսալու են այդ կարծիքին եւ փորձելու են շտկել իրավիճակը: Եթե անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մեկը մյուսի ետեւից կրած պարտությունները դեր չեն խաղում, եւ այդ վճիռները չեն իրականացվում, ի՞նչ դեր կարող են խաղալ այս այցերն ու զեկույցները»:

«Հայք»-ի խմբագիրը գրում է. - «Որքան ցավալի լինի, բայց մենք այսօր այն երկրների ցանկում ենք, որոնք գտնվում են իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրության կենտրոնում: Բացառություն չի կազմում նաեւ ՄԱԿ-ը, որի մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցողն այս օրերին գտնվում է Հայաստանում եւ հանդիպում Հայաստանի իշխանությունների, ընդդիմության եւ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»: Քննարկելով այս այցի արդյունավետությունը` թերթը գրում է. - «Եթե մինչեւ վերջ անկեղծ լինենք, ապա ինչո՞ւ վարչախումբը պետք է հարգի եւ լուրջ վերաբերվի միջազգային հանրությանը, եթե հայտնի ընտրակեղծարար Հովիկ Աբրահամյանին հրավիրում են ելույթ ունենալ «Ժողովրդավարական խորհրդարանը եւ ընդդիմությունը» թեմայով սեմինարում: Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանը ժողովրդավարեցնելու հարցում միջազգային կազմակերպությունները եւ ժողովրդավարական պետությունները մեզ միայն անուղղակի աջակցություն են ցուցաբերելու, այն էլ այն դեպքում, եթե համոզվեն, որ մենք իրոք ցանկանում ենք ապրել ժողովրդավարական երկրում եւ գործուն քայլերն ենք իրականացնում Հայաստանում իրավիճակը փոխելու համար: Եթե նստենք մեր տանը եւ բավարարվենք իրավիճակից դժգոհելով, ապա մեր վիճակը միայն կվատթարանա»:

Խորհրդարանների նախագահների եվրոպական կոնֆերանսի շրջանակներում վերջերս Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԵԽԽՎ-ի նախագահ Մեւլութ Չավուշօղլուի հետ: Ինչպես հաղորդում է Ազգային ժողովի մամլո ծառայությունը, այլ հարցերի թվում կողմերը «քննարկել են նաեւ ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերականգնման հարցը, եւ եկել այն եզրակացության, որ այստեղ պետք է գործել խիստ զգույշ»: Ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսելը չպետք է վնասի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացին: Այս տարօրինակ հայտարարության մանրամասները ճշտելու համար «Գոլոս Արմենիի» թերթի թղթակիցը դիմել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանին, որը մասնակցում էր այդ հանդիպմանը: «Հովիկ Աբրահամյանը խորհուրդ տվեց Չավուշօղլուին չշտապել Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի ստեղծման հարցում, որպեսզի չխանգարեն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեությանը», - ասել է Ղարիբջանյանը` փաստորեն հաստատելով տեղեկատվությունը: Նրա խոսքերով, Չավուշօղլուն հայտարարել է, որ դա իր նախաձեռնությունը չէ, որոշումն ընդունվել է ավելի վաղ եւ խմբակային: «Այն մասին, որ իր նախագահ դառնալուվ հետո հարցը հանկարծ եւ կտրուկ ակտիվացել է, թուրքը նախընտրել է չտարածվել: Ելնելով սրանից` ենթահանձնաժողովի գործունեության վերսկսումը կարելի է համարել որոշված` չնայած հայկական կողմի առարկություններին», - եզրափակում է «Գոլոս Արմենիի»-ին:

«Ես կարծում եմ, որ նախ պետք է բացահայտել 2008 թվականի ողբերգական դեպքերն ու դրանց հետեւանքները: Եթե այս խնդիրներին լուծում չտանք, չունենանք պատժելի մեխանիզմ, ապա որքան էլ բարեփոխվի ընտրական համակարգը, մենք առաջ չենք շարժվի: Նախ պետք է բացահայտել Մարտի 1-ի 10 զոհերի իրական մեղավորներին: Մինչեւ չպատժվեն 10 զոհերի հեղինակներն ու անմեղ մարդկանց դատապարտողները, որեւէ բարեփոխումով մենք առաջ չենք շարժվի», - «168 ժամ»-ին ասել է պատգամավոր Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն»)` ավելացնելով, թե իր այս դիտարկումները ներկայացնելու է նաեւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին: Պատգամավորը նաեւ հարկ է համարել շեշտել. - «Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո Հայաստանում փակվել են «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերությունները, այնքան է սրվել ընտրությունները կեղծելու միտումը, որ 2008 թվականի ընտրություններից հետո ունեցանք 10 զոհեր»:

«Առավոտ»-ը գրում է. - ««Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» խմբի անդամ Իզաբելլա Սարգսյանը, արձագանքելով վարչապետի այն պնդումներին, թե իրենց խնդիրը միայն հետեւյալն է` թույլ տա՞լ միջազգային երկու դպրոցների գործել Հայաստանում, թե՞ ոչ` ասաց. - «Սա ուղղակի հակասում է սթափ տրամաբանությանը: Որեւէ կարիք չկա օրենքում վերապահում անելու` այդ ամեն ինչն արդեն կա: Հայաստանում կա կրթական այլընտրանքային ծրագրեր օրենքով իրականացնելու հնարավորություն: Մեր երկրում գործող միջազգային դպրոցները պատրաստակամություն են հայտնել մտնել Հայաստանի կրթական համակարգի մեջ` պայմանագրով կամ իրավական այլ ակտով: Եթե այդ ամենը կարելի է անել, այդ դեպքում օրենքում այդ սողանցքը ինչի՞ համար է: Այդտեղի՞ց է սկսվում. այս վերապահումը, Ռուսաստանի Դաշնության կողմից դպրոցականներին բաժանվելիք անվճար նախաճաշերը եւ այլն քայլեր են, որոնց պատճառները սկսում եմ չհասկանալ ու զգուշանալ»:

«Հայոց Աշխարհ»-ը թվայնացման միջգերատեսչական խորհրդի անդամ Ավետիս Բերբերյանին հարցնում է. - «Հարցերի հարցը, որ օրենքի ընդունումից հետո էլ մնում է դժգոհությունների, քննարկումների կիզակետում, մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած հեռուստաընկերություններին արտոնագիր չտալու, այսինքն՝ «մերժելու» որոշումը հիմնավորել-չհիմնավորելու թնջուկն է»: Բերբերյանը պատասխանում է. - «Մեր ընդդիմախոսները, մասնավորապես, բողոքում էին, թե չի կարելի դա համեմատել գեղեցկության մրցույթի հետ, մինչդեռ մենք ուղղակի ուզում էինք տրիվիալ, հասարակ օրինակ բերել, որպեսզի մեր մոտեցումը պարզ լինի։ Ամբողջ խնդիրն այն է, որ հանձնաժողովը ոչ թե մերժում է ինչ-որ մեկին, այլ վարկանիշային քվեարկության արդյունքում մրցույթի մասնակիցներից մեկին հաղթող է ճանաչում, եւ հրապարակավ հիմնավորում է իր որոշումը»։