Հունիսի 12-ի մամուլ

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է. - «Նախօրեին տեղի է ունեցել ՀՀ քրեակատարողական ծառայության տեղաբաշխման հանձնաժողովի նիստ, որի արդյունքում որոշվել է, որ առաջիկայում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը պետք է տեղափոխվի «Կոշ» քրեակատարողական հիմնարկ։ Այժմ Նիկոլ Փաշինյանը պահվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, այն է՝ կալանավայրում։ Սակայն՝ «ՀԺ» գլխավոր խմբագրի նկատմամբ կայացված դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո նրան պետք է տեղափոխեն դատապարտյալների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկ։ ՔԾ տեղաբաշխման հանձնաժողովի՝ Նիկոլ Փաշինյանին «Կոշ» ՔԿՀ տեղափոխելու որոշման վերաբերյալ ՀՀ քրեակատարողական վարչությունից մեր թղթակցին խոստացել են երկուշաբթի օրը պարզաբանումներ տալ»։

«168 ժամ»-ը գրում է. - «Պարզվում է՝ ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը մայիսի 3-ին կասեցվել է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով։ Միաժամանակ գրավոր հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձին հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակելու համար։ Հիշեցնենք, որ սպանությունից հետո ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, թե Մհերյանի սպանության բացահայտումը «Ոստիկանության պատվի հարցն է»։ Մեկնաբանությունները, կարծում ենք, ավելորդ են»։

«Գոլոս Արմենիի» թերթի առաջին էջում կարդում ենք, որ թերթի խմբագրությունը Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանի ստորագրությամբ նամակ է ստացել, որում ասվում է, որ հունիսի 4-ին կայացած Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժինների ընդհանուր ժողովը անդրադարձել է Տերյան ու Աբովյան փողոցներին հարող պուրակում ընթացող սրճարանների եւ այլ շինությունների կառուցման աշխատանքներին եւ որոշել. «1.Հուշարձանի եւ աստղադիտարանի հարեւանությամբ սրճարանների եւ այլ շինությունների կառուցումը համարել անթույլատրելի եւ անընդունելի։ 2. Պահանջել Երեւանի քաղաքապետարանից անհապաղ դադարեցնել նշված շինարարական աշխատանքները եւ կարճ ժամանակահատվածում վերականգնել այգու նախկին տեսքը` որպեսզի այգին շարունակի ծառայել որպես ուսանողների եւ մտավորականության հավաքատեղի»։

«Հայոց աշխարհ»-ի «Աղմուկը այլ բանի նշան է» վերտառությամբ խմբագրականում գրված է. - «Նախօրեին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կառավարության ներկայացրած փոփոխությունների եւ լրացումների օրինագիծը: Հեռարձակման ոլորտը կարգավորող օրենքում կատարված փոփոխությունները հիմնականում պայմանավորված են նրանով, որ մեր երկիրը կարողանա մինչեւ 2018 թվականը ամբողջությամբ անցնել թվային հեռարձակման: Թեպետ օրենսդրական նախաձեռնության հիմնական նպատակը թվայնացումն է, սակայն անցած ամիսներին մի քանի գրանտակեր կազմակերպություններ եւ որոշ երեսփոխաններ փորձում էին օրինագծի շուրջ բարձրացրած աղմուկ-աղաղակով, ներկայացրած տասնյակ առաջարկություններով հասնել նրան, որ թվայնացման գործընթացը մղվի հետին պլան եւ առաջնային դառնա միայն «ազատ եթերի» կամ «բազմակարծության» ապահովման հարցը»։

«Հրապարակ»-ը հիշեցնում է, որ հունիսի 11-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում խորհրդարանների նախագահների համաժողովում ելույթ է ունեցել նաեւ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը ու հավելում. - «Անչափ ուշագրավ ելույթ է ունեցել Հովիկ Աբրահամյանը, եւ ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ թեմայով. «Ընդդիմության իրավունքներն ու պարտականությունները ժողովրդավարական խորհրդարանում»։ Լսողներն անշուշտ նախանձել են մեզ, մտածել, որ եվրոպացիները դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտեն, որ ժողովրդավարության, պառլամենտարիզմի ձեւավորման հարցերում հասնեն Հայաստանին։ «Մեր երկրի խորհրդարանը գործով է ապացուցում իր հավատարմությունը ժողովրդավարության չափանիշներին ու Եվրոպական արժեքային համակարգին», - հպարտորեն շեշտել է ԱԺ խոսնակը, հավանաբար առաջնորդվելով «մեր գեղից մարդ չկա» սկզբունքով։ Իսկ եթե լիներ, ապա եվրոպացիներին կպատմեր, թե ինչպիսի ժողովրդավարական ընտրություններով է ձեւավորվում մեր պառլամենտը, ինչպես է քաղաքական մեծամասնությունը, առանց մի տող կարդալու, Գալուստ Սահակյանի հրահանգով կողմ քվեարկում ցանկացած օրենքի, ինչպես են փակում հատուկենտ ընդդիմադիր պատգամավորների բերանը եւ ինչպես են անտեսում ժողովրդի կարծիքը»։