Պաշտոնական Վաշինգտոնը մտադիր չէ Հայոց ցեղասպանության հարցը խառնել այլ խնդիրների հետ

Պաշտոնական Վաշինգտոնը մտադիր չէ Հայոց ցեղասպանության հարցը խառնել այլ խնդիրների հետ, BBC հեռուստաընկերության վերլուծաբան Կիմ Գաթթասի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:

«Ոմանք ասում են, որ Թուրքիան ամենայն հավանականությամբ պատժվելու է այս կամ այն կերպ՝ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում Իրանի դեմ պատժամիջոցներին դեմ քվեարկելու համար», - նշել է լրագրողն ու հարցրել. - «Հնարավո՞ր է , որ ԱՄՆ-ի վարչակազմը այժմ աջակցի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին կամ վերանայի իր ռազմական հարաբերությունները Թուրքիայի հետ»։

«Չեմ կարծում, որ մենք պետք է խառնենք հարցերը, որոնք ընդհանուր ոչինչ չունեն միմյանց հետ», - պատասխանել է պետքարտուղարի տեղակալը։ - «Վաշինգտոնը բազմակողմ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, եւ մտադիր է յուրաքանչյուր հարց դիտարկել համապատասխան կերպով եւ ամեն մեկը՝ իր ժամանակին», - հավելել է Ֆիլիպ Գորդոնը։

Ընդգծելով, որ քվեարկությունը, այդուամենայնիվ, հիասթափեցրել է Վաշինգտոնին, պետքարտուղարի տեղակալը միաժամանակ նկատել է. - «Կարծում եմ՝ Միացյալ Նահանգներն ու Թուրքիան շարունակում են մնալ ռազմավարական դաշնակիցներ։ Մենք բազմաթիվ ընդհանուր շահեր ունենք, թեեւ կան նաեւ խնդիրներ, որոնց շուրջ տարակարծիք ենք»։