Ընդդիմադիր գործիչը վստահ է, որ կլինեն արտահերթ ընտրություններ

Armenia -- Opposition leader Aram Sarkisian, undated.

Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ) անդամակցող «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի համոզմամբ, Հայաստանում «միանշանակ կլինեն արտահերթ ընտրություններ»:
«Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ երկրում միանշանակ տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ, եւ համապատասխան պահին մենք կակտիվացնենք իրավիճակը: Մենք համոզված ենք, որ մեր ներուժը բավարարում է 2-3 օրում հասարակական զանգվածները աճեցնել շատ մեծ չափերի եւ որի միջոցով ճնշումներ կիրառել իշխանությունների վրա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում երեքշաբթի օրը ասաց Արամ Սարգսյանը:

Հարցին, թե ինչու արդեն հիմա ՀԱԿ-ի չի ակտիվացնում հասարակությանը, Սարգսյանը արձագանքեց. - «Այսօրվա ակտիվանալը խիստ վտանգավոր է: Նախ, ներքաղաքական իմաստով այդ ակտիվությունը չի բերելու լուրջ հանգուցալուծման, որովհետեւ սպասելքիներ կան ամբողջ աշխարհի կողմից արտաքին քաղաքական խնդիրներում: Եվ այս առումով վտանգ կա որոշակի առումով անուղղակիորեն այս կամ այն գերտերության գործիքը դառնալու»:

Արամ Սարգսյանի կարծիքով, Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում Հայաստանն այսօր ետընթաց է արձանագրել. - «Ադրբեջանը արդեն երրորդ ամիսն է, ասում է` համաձայն է: Իսկ Ադրբեջանը համաձայն է մի տարբերակի` Ղարաբաղը Ադրբեջանի տարածաքային ամբողջականության մեջ` բարձր ինքնավարությամբ: Հետեւաբար` բանակցությունններում այս [հայաստանյան] իշխանությունները հասել են այնպիսի մի կետի, որ առաջարկվել է այնպիսի մի տարբերակ, որտեղ Ղարաբաղը կարող է նման կարգավիճակ ունենալ»:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու, Ղարաբաղը չկորցնելու համար, Արամ Սարգսյանի համոզմամբ, անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ. - «Սա միակ տարբերակն է, որը երկրին կարող է որոշակի պաուզայով ավելի հայանպաստ լուծումների հնարավորություն տալ»:

Ընդդիմադիր գործիչը չի բացառում, որ նախագահ Սարգսյանը կգնա ոչ հայանպաստ լուծման` քանի որ «աչքի առաջ ունեն հայ-թուրքական արձանագրությունները, որոնցով նա համաձայնել է պատմաբանների հանձնաժողով ստեղծելու գաղափարին»:

«Ես տեսնում եմ հստակ փաստ` որ մադրիդյան սկզբունքները նորացվում են, որին [Իլհամ] Ալիեւն ասում է` այո: Եվ որին Հայաստանը նույնիսկ չէ չի ասում: Իսկ այս ընթացքում այդ բանակցությունները վարում է Սերժ Սարգսյանը: Ես հասկանում եմ, որ ինքը այդ ժառանգությունը ստացել է այնտեղից... Այդ ամեն ինչից հրաժարվելու հույս ներշնչելու պարամետրերից մեկը դրանք խոստովանելու մեջ է: Երկրորդ` պիտի լարումները թուլացնելու քայլեր անես, ոչ թե 21 տարեկան աղջկան Օպերայի հրապարակ մտնելու համար բռնես ու բանտ նստեցնես...»:

«Եթե այս մարդն այս բաներն անում է, ես կասկածում եմ իր հայրենասիրության վրա: Ես կասկածում եմ, որ հաջորդ առավոտ չենք արթնանա ու այնտեղ երկու շրջան ստորագրածի թուղթ չենք ունենա: Ես կասկածում եմ նաեւ, որ տեսել եմ, որ արթնացել եմ ու տեսել եմ, որ հայ-թուրքական փաստաթուղթ է ստորագրվել, որտեղ կետ կա պատմաբանների հանձնաժողով ստեղծելու», - եզրափակեց Արամ Սարգսյանը: