ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը Ալիեւին է հանձնել Օբամայի նամակը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը ԱՄՆ–ի պաշտպանությա նախարար Ռոբերտ Գեյթսի հետ

Կիրակի օրը մեկօրյա այցով Ադրբեջան է ժամանել Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը։ Նա արդեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։
Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում այդ հանդիպման մասին հաղորդագրություն կա, որտեղ նշած է, որ Գեյթսը Իլհամ Ալիեւին է փոխանցել Բարաք Օբամայի նամակը։ Ադրբեջանի նախագահը խնդրել է իր շնորհակալությունը փոխանցել Օբամային՝ նամակի համար։

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, նամակում Բարաք Օբաման շնորհակալություն է հայտնում Ալիեւին՝ Աֆղանական հարցում աջակցություն ցուցաբերելու համար եւ ցանկություն է հայտնում խորացնել Միացյալ Նահանգների կապերը ռազմավարական դիրքում գտնվող Ադրբեջանի հետ։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ԱՄն-ի ներդրած ջանքերը վնասել են Ադրբեջանի ու Վաշինգտոնի հարաբերությունները։ Ապրիլին Բաքուն Վաշինգտոնին մեղադրեց Լեռնային Ղարաբաղի հարցում հայկական կողմին նպաստող դիրք ստանձնելու համար։

«Ես գիտեմ, որ լուրջ խնդիրներ կան մեր հարաբերություններում, բայց վստահ եմ, որ մենք կարող ենք լուծել դրանք», - գրել է Օբաման։ Նա նշել է, որ Ադրբեջանը հավատարիմ է մնում ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը։

«Ես կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորումը էական է Հարավային Կովկասի տարածաշրջանի երկարատեւ կայունության համար, եւ այս գործընթացին աջակցելը կմնա Միացյալ Նահանգների առաջնահերթությունը», - ընդգծել է Բարաք Օբաման։

Օբաման գովաբանել է Ադրբեջանին Աֆղանստան զորախումբ ուղարկելու համար, ինչպես նաեւ Աֆղանստանում ամերիկյան եւ ՆԱՏՕ-ի զորքերի մատակարարման նպատակով բեռնափոխադրումների համար Ադրբեջանի օդային եւ ցամաքային տարածքները բացելու համար։

Օբաման իր նամակում անդրադարձել է նաեւ էներգակիրների մատակարարումներին՝ գրելով, թե Ադրբեջանի առաջնային դեր ունի տարածաշրջանի բարգավաճման եւ գլոբալ էներգետիկ անվտանգության ապահովման հարցում։

Միացյալ Նահանգները բազմիցս մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների առնչությամբ, սակայն Օբաման իր նամակում չի անդրադարձել մարդու իրավունքների խնդիրներին, բավարարվելով համագործակցության կոչով՝ հանուն տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության եւ բարգավաճման։


Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել ռազմական ոլորտում Ադրբեջանի ու Միացյալ Նահանգների համագործակցության շուրջ։

Գեյթսը քննարկելու է Ադրբեջանի տարածքով դեպի Աֆղանստան բեռնափոխադրումների հետ կապված հարցերը, ինչպես նաեւ փորձելու է ցրել Ադրբեջանի մտահոգությունները, թե Միացյալ Նահանգները բավարար ուշադրություն չի դարձնում Ադրբեջանի վրա։

2001 թվականից սկսած տասնյակ հազարավոր ռազմական օդանավերով ու բեռնատարներով Ադրբեջանի օդային ու ցամաքային ճանապարհներով Միացյալ Նահանգների ու ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը ու բեռներ են տեղափոխել պատերազմի գոտի։

Աֆղանստանի հարցում Ադրբեջանը, ինչպես Միացյալ Նահանգներն է անվանում՝ Հյուսիային մատակարման ցանցի մաս է կազմում, որտեղ ընդգրկված են նաեւ Ռուսաստանը, Լատվիան, Վրաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը։

Մատակարարումների հնարավոր խափանումների հետ կապված մտահոգությունները ավելացել են՝ կապված Ղրղըզստանի իրադարձությունների հետ։ Այստեղ տեղակայված ամերիկյան ռազմաօդային բազան կարեւոր կետ է համարվում ու պարզ չէ, թե Ղրղըզստանի նոր կառավարությունը որքան ժամանակով բազան բաց կպահի։

Պենտագոնը ցանկանում է համոզվել, որ որեւէ խնդիրներ չկան, որոնք կարող են դանդաղեցնել եւս 30 հազար զորախումբ Աֆղանստան ուղարկելու՝ նախագահ Բարաք Օբամայի պլանները, եւ Գեյթսի այցը Ադրբեջան առաջին հերթին այդ նպատակն է հետապնդում;

Ռոբերտ Գեյթսը Միացյալ Նահանգների ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ Օբամայի նախագահ դառնալուց հետո այցելում է Ադրբեջան։