Վրաստանի նախագահը հունիսի 6-8-ը պաշտոնական այց է կատարելու Ֆրանսիա

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հունիսի 6-8-ը պաշտոնական այց է կատարելու Ֆրանսիա:

Այցի շրջանակներում, ինչպես հաղորդում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը, նախատեսված է հանդիպում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ:

Մինչ Ֆրանսիա մեկնելը Սահակաշվիլին այցելել է Ռումինիա։ Հունիսի 2-ին նա հանդիպել է Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուի հետ։
Հանդիպումից հետո Ռումինիայի նախագահն ասել է, որ բովանդակալից զրույց են ունեցել, քննարկվել են երկկողմ հարաբերությունները, Վրաստանի հակամարտությունների խնդիրները, ինչպես նաեւ Վրաստանի ձգտումը դեպի ՆԱՏՕ։ Քննարկումների մեծ մասը վերաբերել է Կասպյան ավազանի էներգակիրները Ռումինիա մատակարարելու խնդրին։

Անցած ամիս Բուխարեստում հանդիպել են Ռումինիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի էներգետիկ պետական ընկերությունների ներկայացուցիչները, պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ձեռնարկություն հիմնադրել այդ ծրագիրը իրականացնելու համար: