Բողոքի ակցիա Ազգային ժողովի մոտ՝ օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ

Հայաստան – ԿԳ նախարարը Արմեն Աշոտյանը ողջունում է իր նախաձեռնության դեմ քաղաքական ակտիվությունը, Երեւան, 4-ը հունիսի, 2010թ.

Մի խումբ քաղաքացիներ Ազգային ժողովի ծառայողական մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցում, ուրբաթ օրը բողոքի ակցիա անցկացրեցին Հայաստանում օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ։
Ազգային ժողովի կրթության եւ գիտության հանձնաժողովը այսօր քննարկում էր «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը ԱԺ-ի հաջորդ շաբաթ մեկնարկող քառօրյայում ընդգրկելու հարցը:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամների կարծիքով, օրենսդրական փոփոխություններն ուղղված են Հայաստանում խորհրդային շրջանի օտարալեզու դպրոցների, մասնավորապես, ռուսական դպրոցների վերաբացմանը։

Ցուցարարները իրենց հետ բերել էին «Լեզուն գույք չէ պարտքի դիմաց», «Ազգադավ օրինագիծը հանել անդարձ» բովանդակությամբ , ինչպես նաեւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրաժարականը պահանջող ցուցապաստառներ։ Չնայած Ազգային ժողովի մուտքը հսկող ոստիկանների նախազգուշացմանը եւ արգելքին, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի միջամտությամբ ցուցարարները պաստառները փակցրեցին ԱԺ-ի ծառայողական մուտքի մոտ, որպեսզի աշխատանքի գնացող պատգամավորների ուշադրությունը հրավիրեն խնդրո առարկա օրենքի վրա։

Կրթության եւ գիտության նախարարության կողմից ապրիլի 20-ին Ազգային ժողով ներկայացվելուց հետո լեզվի եւ հանրակրթության մասին օրենքներում նախատեսվող փոփոխությունները քննադատության են արժանացել քաղաքական տարբեր ուժերի, հայտնի հասարակական եւ մշակութային գործիչների կողմից։ Անցած շաբաթ Կրթության եւ գիտության նախարարությունը լրամշակել էր օրենսդրական փոփոխությունների առաջարկը` սահմանելով, մասնավորապես, որ օտարալեզու դպրոցների թիվը չի անցնելու 15-ից։

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամներն ասում են, որ նույնիսկ ԿԳ նախարարի կատարած լրամշակումներից հետո իրենց մտահոգությունները չեն փարատվել։

«Եթե փոխում ես լեզուն, փոխվում է նաեւ ազգը: Խնդիրն այստեղ դպրոցների քանակը չէ», - լրագրողներին ասաց նախաձեռնող խմբի անդամ, ճարտարապետ Ռուբեն Թարումյանը՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանին նման օրենքը դրսից են պարտադրում։ - «Եթե մենք թույլ ենք տալիս գոնե մեկ դպրոցի բացումը, դա շղթայական ռեակցիայով բերում է նրան, որ հետո բացվում է երկրորդ դպրոցը, երրորդը, չորրորդը եւ այդպես շարունակ», - հայտարարեց Թարումյանը։

Հանձնաժողովի քննարկմանը շտապող կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով նման քաղաքացիական ակտիվությունը, այնուամենայնիվ հավաստիացրեց. - «Որեւէ վտանգավոր բան մենք այս օրենքում չենք տեսնում»։