Նուբարաշենի թիվ 11 դպրոցի անձնակազմը պահանջում է «վերջ տալ ստահոդ լուրերին»

Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի առջեւ բողոքի ակցիա էին կազմակերպել Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի ուսուցչական անձնակազմի ներկայացուցիչներն ու նախկին սաներից մի քանիսը: Նրանք պահանջում են դադարեցնել դպրոցի հասցեին շարունակ հնչող խոսակցությունները` դրանք որակելով «վարկաբեկող ստահոդ լուրեր»:
«Մեր ազնիվ տնօրենի` ընկեր Ենգիբարյանի, մի ամբողջ կոլեկտիվի 30-40 տարվա ամբողջ աշխատանքը հողին հավասարեցրեցին: Մեզ զգում ենք վիրավորված, ստորացված», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ցուցարարներից մեկը:

ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակ դպրոցի անձնակազմին բերել էր այն, որ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը մի խումբ երիտասարդների հետ «ՄԱԿ-ի 10 լավագույն դպրոցներ» ծրագրի շրջանակներում էր մտել դպրոց եւ բարձրաձայնել դպրոցում առկա արատավոր երեւույթների մասին, այդ թվում` սեռական ոտնձգություններ սաների նկատմամբ, թերսնում, դպրոցում առողջ երեխաների առկայություն, հակասանիտարական վիճակ, չարաշահումներ:

Դպրոցի փոխտնօրեն, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դոնարա Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավաստիացրեց, թե այդ լուրերը անհիմն են:

«Կարծում եմ, որ արդեն ժամանակն է, որ հանգիստ թողնեն կոլեկտիվին, եւ թողնեն, որ նա շարունակի աշխատել», - հավելեց Հովհաննիսյանը:

«Պարզից էլ պարզ էր, որ տնօրենի հեռացումից հետո տնօրենաբարեկամային կլանը պետք է նման ռեակցիա տար, աշխատանք կորցնելու խնդիր ունեն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մարիամ Սուխուդյանը:
Շուրջ 2 տարի իրենց դպրոցի շուրջ ծավալվող դեպքերին, դատավարությանը հրապարակային արձագանք չտված անձնակազմի անդամները պնդում են, թե մինչեւ հիմա էլ վստահ չեն`արդյո՞ք նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանը իսկապես մեղավոր է, թե նրան ստիպել են ընդունել մեղքը: Իսկ եթե անգամ մեղավոր է եղել, ապա նրա գործողություններից անտեղյակ է «ազնվագույն տնօրենը» [Մերուժան Ենգիբարյանը]:
Մարիամ Սուխուդյանի համար պարզ չէ, թե դատարանի վճռի եւ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի` Մերուժան Ենգիբարյանին աշխատանքից ազատելու մասին հրամանի հետ չհամակերպվող անձնակազմը ինչու է բողոքի ակցիա կազմակերպում իր դեմ:

Բողոքի ակցիայի կազմակերպիչներից Աննա Ենգիբարյանը, ով հեռացված տնօրենի` Մերուժան Ենգիբարյանի դուստրն է եւ դպրոցում աշխատում է որպես հոգեբան, պնդում է, թե կամավորների դպրոց մտնելու միակ նպատակը եղել է տնօրենին պաշտոնից հեռացնելը:

«Աթոռի խնդիր էր` թող բացահայտ ասեին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Աննա Ենգիբարյանը:

Պատասխանելով այսօրվա ակցիայի մասնակիցների հարցադրմանը, թե ով է կանգնած Մարիամ Սուխուդյանի հետեւում, երիտասարդ ակտիվիստը ասում է. - «Այդ նույն հարցը ես կուզենայի տալ նրանց: Ես շատ կուզենայի իմանալ, թե ով է սատարում, աջակցում այդ դպրոցի փակ, նեխած համակարգին»:

Ակցիայի մասնակիցների բողոքը լսեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հանրային կապերի պատասխանատու Հովհաննես Սարաջյանը եւ քիչ անց հայտնեց, որ ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան պատրաստակամություն է հայտնել հաջորդ շաբաթ այցելել հատուկ դպրոց:

Դպրոցի ուսուցիչները այնուհետ իրենց բողոք-դիմումի մի օրինակ էլ հանձնեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանություն: