Օբաման շնորհավորել է Ալիեւին Հանրապետության օրվա կապակցությամբ

«ԱզերԹաջ» գործակալության փոխանցմամբ` Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որտեղ, մասնավորապես, ասված է. - «Ամերիկայի ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ եւ Ադրբեջանի ժողովրդին մայիսի 28-ի Հանրապետության օրվա առիթով։ Հպարտանում եմ մեր երկրների միջեւ համագործակցությամբ` գլոբալ սպառնալիքների դեմ պայքարի, տարածաշրջանային կայունության ուժեղացման, ինչպես նաեւ համընդհանուր անվտանգության ամրապնդման ուղղություններով։ Համագործակցության համար զարգացնելով նոր հնարավորություններ` անկեղծորեն ցանկանում եմ գործընկերության խորացում եւ զարգացում առաջիկա ամիսների եւ տարիների ընթացքում»։

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունը, Օբաման նշել է, որ «Միացյալ Նահանգները ամուր հարաբերություններ ունի Ադրբեջանի կառավարության եւ ժողովրդի հետ եւ մնում է հավատարիմ Ադրբեջանի ինքնիշխանությանը եւ զարգացմանը` որպես բարգավաճող ու ժողովրդավար երկրի, որը իր ներդրումն ունի ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում կայունության ամրապնդման գործում»։