Քննաշրջանը մեկնարկեց տեխնիկական խնդիրներով

Հունիսի 1-ից մեկնարկեցին դպրոցական ավարտական, ինչպես նաեւ միասնական քննությունները: Ամռան առաջին օրը նախատեսված էին 3 առարկաների` ընդհանուր պատմության, աշխարհագրության եւ կենսաբանության քննությունները, որոնց ընթացքում արձանագրվել են տեխնիկական խնդիրներ:
Քննաշրջանի մեկնարկին Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Գուրգեն Խաչատրյանն այցելեց թիվ 20 դպրոցում տեղակայված քննական կենտրոն, որտեղ հայտագրված 340 դիմորդից 13-ը բացակա էր: ԳԹԿ-ի տնօրենի խոսքով` եթե բացակայությունները հարգելի պատճառներով լինեն, դիմորդները լրացուցիչ փուլով քննություն հանձնելու թույլտվություն կստանան:

Շրջայցի ընթացքում պարզվեց, որ քնասենյակներում տեղադրված խլացուցիչները լավ չեն աշխատում, ինչը ԳԹԿ-ի տնօրենը բացատրեց տեխնիկական խնդիրներով, բայց հավատացրեց, որ քննասենյակ մտնելուց առաջ աշակերտներից վերցնում են բջջային հեռախոսները:

Երեւանում աշխարհագրությունից միասնական քննություն հանձնեց 74 շրջանավարտ, ընդհանուր պատմությունից՝ 44, կենսաբանությունից՝ 534։ Թիվ 20 քննակենտրոնի միջանցքում տեղադրված էկրանների առջեւ հավաքված ծնողները դժգոհում էին, թե պատկերները հստակ չեն երեւում, իսկ հսկողությունը թույլ է:

Լրագրողներից բացի, այս տարի դիտորդի դերում էին նաեւ տարբեր բուհերի` հիմնականում մանկավարժական ֆակուլտետների ուսանողներ:

Քննության գնահատականները հրապարակվելուց հետո դիմորդները բողոքարկելու համար 1 օր կունենան: Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության նոր կարգի համաձայն` միասնական քննությունների ընթացակարգում կատարվել են որոշակի փոփոխություններ: Մասնավորապես, դիմորդն առանց զգուշացման կհեռացվի քննասենյակից եւ անբավարար գնահատական կստանա, եթե նրա մոտ հայտնաբերվի բջջային հեռախոս, հուշաթերթիկ կամ նկատվի որեւէ այլ խախտում:

Հունիսի 4-ին կմեկնարկեն հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայի քննությունները: Ֆիզիկայի քննությունները կմեկնարկեն հունիսի 8-ին, օտար լեզուներինը` հունիսի 11-ին, մաթեմատիկայինը` հունիսի 15-ին, հայոց պատմություն եւ քիմիա առարկաներինը` հունիսի 19-ին, իսկ ռուսաց լեզվինը` հունիսի 23-ին: