Բուենոս Այրեսում Աթաթուրքի կիսանդրին չի բացվի

Արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների բողոքներից հետո Բուենոս Այրեսի քաղաքապետարանը որոշել է չկատարել Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրու զետեղման արարողությունը:

Արարողությունը նախատեսված էր առաջիկա երկուշաբթի օրը` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի Արգենտինա այցի շրջանակներում:

Քաղաքապետի ներկայացուցիչ Դիեգո Սանտիլին ներողություն է խնդրել հայ համայնքից, իր իսկ բնորոշմամբ` «ծանր սխալի» համար, եւ խոստացել է թույլ չտալ Մուսթաֆա Քեմալի հուշարձանի բացումը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է Հայ կենտրոնի ղեկավար Ալբերտո Ջերեջյանը, կան որոշ տեղեկություններ, որ Թուրքիայի վարչապետը կարող է չկատարել ծրագրված այցը Արգենտինա:


Դիեգո Կարամանուկյան, Բուենոս Այրես