Հնդկաստանում երկաթուղային աղետի հետեւանքով առնվազն 65 մարդ է զոհվել

Առնվազն 65 մարդ զոհվել, ավելի քան 200-ը վիրավորվել են այսօր առավոտյան Հնդկաստանում տեղի ունեցած երկաթուղային աղետի հետեւանքով: Պաշտոնյաները կարծիք են հայտնել, որ զոհերի թիվը կարող է ավելանալ:

Արեւմտյան Բենգալիա նահանգում գնացքը դուրս է եկել ռելսերից եւ բախվել մեկ այլ գնացքի:

Տեղի ունեցած հնարավոր պատճառ է համարվում սաբոտաժը. երկաթուղային աղետը տեղի է ունեցել մի վայրում, որը համարվում է Հնդկաստանի մաոիստ ապստամբների հենակետը:

Նախ հաղորդվել էր, թե գնացքի ռելսերից դուրս գալուն նախորդել է պայթյունը, իսկ ավելի ուշ պաշտոնյաները հայտնել են, որ ուսումնասիրում են ռելսերը միացնող դետալների հեռացման վարկածը: