Մայիսի 28-ի մամուլ

«Հայք»-ը իր խմբագրականում գրում է. - «Այսօր Առաջին հանրապետության տոնն է, բայց կրկին Հայաստանում տոնական տրամադրություն չկա, չնայած օրն էլ ոչ աշխատանքային է»: «Այսօրվա մաուզերիստները` օլիգարխներն իրենց սափրագլուխներով, արտոնյալ պաշտոնյաները եւ թաղային հեղինակությունները, վարչախումբն իր ապաշնորհ քաղաքականությամբ, կեղծ ընդդիմադիրները, հայ մարդու ստիպում են բարոյալքվել եւ ուղիներ փնտրել Հայաստանից հեռանալու մասին եւ պետք չէ զարմանալ, որ Հայաստանի հետ հույսեր չկապող մարդը չի ուրախանում մայիսի 28-ին կամ սեպտեմբերի 21-ին: Ժամանակն է, որ սթափվենք եւ վերջ տանք այս արկածախնդրությանն ու խայտառակ վիճակին», - ամփոփում է թերթը:

Հանրապետության օրվան է անդրադառնում նաեւ «Հայոց Աշխարհ»-ը. - «1918 թվականի Մայիսյան հերոսամարտերի տոնակատարությունները դիմավորում ենք Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված բարդ իրավիճակում, որը բազում տեսանելի ու աննկատ մարտահրավերներ է պարունակում։ Անշուշտ 1918-ից հետո շատ ջրեր են հոսել, սակայն պատմությունը մի գիտություն է, որը թույլ է տալիս առանձնացնել անցյալին բնորոշ այն օրինաչափությունները, որոնք կարող են կրկնվել նաեւ նոր պայմաններում։ Առ այդ՝ ցանկացած փոքր ազգի ու պետության դիմադրողականության ապահովման խնդիրը բաղկացած է երկու՝ արտաքին ու ներքին ճակատներից։ Արտաքին ճակատում երկրի ղեկավարության քայլերն ու հայտարարությունները վստահություն են առաջացնում, որ Հայաստանի վրա գործադրվող ճնշումների ուժգնացմամբ բնութագրվող միջազգային նոր իրավիճակին դիմագրավելու հարցում գոյություն ունի համապատասխան կամք։ Սակայն, դրա հետ մեկտեղ հարկավոր է հիշել, որ յուրաքանչյուր երկրի դիմադրողականության աստիճանը որոշվում է առաջին հերթին ներքին միասնությամբ ու համախմբվածությամբ»։

«Առավոտ»-ի հետ զրույցում Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը գնահատում է նախագահ Սերժ Սարգսյանի Բրյուսելում արած հայտարարությունները. - «[Սերժ Սարգսյանը] Ակնկալում էր, որ ղարաբաղյան պատերազմի հնարավոր վերսկսման դեպքում ՆԱՏՕ-ն կարող է որոշակի դերակատարում ունենալ: Թեեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն էլ հստակ ասաց, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում միջամտել, ու նաեւ հասկացրեց, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը մնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու ամենաարդյունավետ ձեւաչափը»: Վերլուծաբանն ընդհանրացնում է. - «Ես չէի ասի, թե նա գնացել է ՆԱՏՕ-ից աջակցություն խնդրելու: Ի վերջո, այդ աջակցություն-չաջակցությունը գնալ-խնդրելով չի լինում: Բայց ես հասկանում եմ նաեւ Հայաստանի գործող ղեկավարության ձգտումը` ինչ-որ կերպ հավասարակշռել Ռուսաստանի չափազանց ակտիվությունն ու ինքնավստահությունը տարածաշրջանում, մանավանդ որ` Ռուսաստանն այսօր Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները սերտացնելով` սպառնալիք է ստեղծում Հայաստանի համար, ինչի արդյունքում մեր պետությունը կարող է հերթական անգամ այդ սակարկությունների մեջ մանրադրամ դառնալ: Որպեսզի նման բան տեղի չունենա, գործող իշխանությունն ինչ-ինչ քայլեր անում է: Դժվարանում եմ ասել, թե դա որքանով կհաջողվի, բայց այս իրավիճակում կատարվող քայլերի տրամաբանության մեջ ես ռացիոնալ հատիկ տեսնում եմ»:

Վերջին օրերին դրամի շարունակվող արժեվորման կապակցությամբ «Չորրորդ ինքնիշխանություն»-ը նկատում է. - «Անցած գիշեր Հայաստանի տնտեսությունը դարձյալ աճեց: Մոտ կես տոկոսով: Մարդիկ առավոտյան արթնացան եւ տեսան, որ հայկական դրամը դարձյալ արժեվորվել է: Պարզ ասած` դոլարը, եվրոն եւ մյուս արժույթները նորից «իջել» են: Ընդ որում, այս ամենը բացարձակապես կապ չունի «միջազգային շուկաների» հետ: Ամբողջ աշխարհում դոլարը թանկանում է, եվրոն` էժանանում: Իսկ մեզ մոտ էժանանում են ե'ւ դոլարը, ե'ւ եվրոն: Այդ ամենը բացարձակապես որեւէ կերպ չի անդրադառնում նաեւ ապրանքների գների վրա: Դոլարի արժեզրկման արդյունքում, միեւնույն է, դոլարով ներկրված ապրանքները չեն էժանանում, այսինքն` ներմուծողների գերշահույթներն ավելանում են: Ո՞րն է այս ամենի նպատակը... Ընդունված տեսակետի համաձայն, այս ամենի հիմնական նպատակը հենց ներմուծողների համար գերշահույթներ ապահովելն է: Դա, ի դեպ, իշխանություն-օլիգարխներ տանդեմի համար փոխշահավետ գործարք է»:

«Կապիտալ» թերթը տեղեկացնում է. - «Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամը շարունակելու է աղետի գոտում նախորդ տարիների դպրոցաշինության ծրագիրը` այդ նպատակին տրամադրելով 12 միլիոն դոլար»: Թերթը հիշեցնում է, որ 2001-2003 թվականների ընթացքում «Լինսի» հիմնադրամը Հայաստանում իրականացրել է 150 միլիոն դոլար արժողությամբ ծրագիր, որի շրջանակներում միջոցներն ուղղվել են Երեւանի եւ մարզերի ճանապարհաշինությանը, աղետի գոտում բնակարանաշինությանը, մշակութային օջախների եւ դպրոցների կառուցմանը»։