Կենսաթոշակները գալիք աշնանը կբարձրացվեն 2500 դրամով

Սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավար Վազգեն Խաչիկյանը:

Ընթացիկ տարվա ապրիլի տվյալներով, Հայաստանում հաշվառված շուրջ 520 հազար թոշակառուները գալիք նոյեմբերից կստանան 2500 դրամով ավելի կենսաթոշակ:
Կենսաթոշակառուներից մոտ 460 հազարը ստանում է ապահովագրական կենսաթոշակ, 50 հազարը` սոցիալական, եւ մոտ 9 հազարը` շարքային զինծառայության համար նախատեսված կենսաթոշակ:

Հրապարակելով այս թվերը` Սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավար Վազգեն Խաչիկյանը չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հավելեց, որ այդ բարձրացումից հետո նվազագույն կենսաթոշակի չափը երկրում կկազմի 10500 դրամ, իսկ միջին կենսաթոշակը` 28500 դրամ:

Նոյեմբերից կենսաթոշակները բարձրացնելու մասին կառավարության որոշումը, հիշեցնենք, պայմանավորված է գազի սակագնի ապրիլյան թանկացմամբ` նպատակ ունենալով մեղմել հնարավոր սոցիալական լարվածությունը:

Թոշակառուները, սակայն համոզված են, որ «2500 դրամով սոցիալական լարվածությունը չես մեղմի»:

Թոշակառուները նաեւ շատ հաճախ հարց են տալիս, թե կարող են արդյոք հայաստանյան պաշտոնյաները գոնե մեկ ամիս ապրել 25000 դրամով:

Վազգեն Խաչիկյանը իրեն վերահասցեագրված այս հարցին պատասխանեց. - «Անշուշտ դժվար կլինի այն մարդկանց վիճակը, ովքեր կփորձեն ապրել այդ միջին կենսաթոշակով»:

Նա շարունակեց, թե 25000 դրամով ապրելը թեեւ դժվար է, բայց հնարավոր է. - «Բա այդ մարդիկ ո՞նց են ապրում: Չէ, Հայաստանում դեռ սովամահությունից մահվան դեպքեր չեն արձանագրվել, փառք Աստծո: Եվ մանավանդ թոշակառուների դեպքում չեն արձանագրվել: Կրկին անգամ փառք Աստծո»:
Վազգեն Խաչիկյան.Հայաստանում դեռ սովամահությունից մահվան դեպքեր չեն արձանագրվել, փառք Աստծո: ...


Հեռակա կերպով հակադարձելով թոշակառուների դժգոհությանը, թե իրենք ստանում են 25 հազար դրամ, իսկ պաշտոնյաները` տասն անգամ ավելի` Վազգեն Խաչիկյանը ասաց, թե չի կարծում, որ պաշտոնյաները մեծ գումարներ են ստանում:

«Ամենաբարձր աշխատավարձը Հանրապետության նախագահի աշխատավարձն է` ընդամենը 400 հազար դրամ: Ազգային ժողովի պատգամավորը ստանում է 300 հազար դրամ: Բայց նրանց ծախսերն էլ է շատ, պատգամավորի, նախագահի: Եվ երկրորդ` մենք ունենք 520 հազար թոշակառու, ընդամենը` 130 պատգամավոր, ընդամենը մեկ նախագահ»: