Կարինե Ղազինյանը մասնակցել է ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը

Հայաստանի փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանի գլխավորած պատվիրակությունը երեկ լեհական Սոպոտ քաղաքում մասնակցել է Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը` նվիրված Արեւելյան գործընկերության շրջանակներում առ այսօր կատարված աշխատանքների ամփոփմանը, մասնակից երկրների ակնկալիքներին, ինչպես նաեւ ապագա ծրագրերի հստակեցմանը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Կարինե Ղազինյանը իր ելույթում ներկայացրել է Հայաստան - Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի, Ազատ առեւտրի գոտու ստեղծման, ինպես նաեւ վիզային ռեժիմի աստիճանական ազատականացման կարեւորությունը մասնակից երկրների համար:

Հայաստանի փոխարտգործնախարարը նաեւ հանդիպում է ունեցել Լեհաստանի արտաքին գործերի պետքարտուղար Հենրիկ Լիտվինի հետ, որի ընթացքում քննարկվել են հայ - լեհական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերն անդրադարձել են Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու` Հայաստան ծրագրված այցին, ինչպես նաեւ համաձայնություն են ձեռք բերել արագացնել հայ - լեհական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման աշխատանքները:

Կարճատեւ աշխատանքային զրույց է տեղի ունեցել նաեւ Եվրամիության ընդարձակման եւ հարեւանության հետ հարաբերությունների գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: