Ամերիկացիները արհեստական բջիջ են ստեղծել

Վաշինգթոնի մոտակայքում գտնվող Քրեյգ Վենթերի ղեկավարած ինստիտուտի գիտնականները ստեղծել են առաջին արհեստական «կենդանի» բջիջը։ Սա համարվում է կարեւորագույն քայլ «արհեստական կյանք» ստեղծելու ճանապարհին։

Գիտնականները արհեստական եղանակով սինթեզել են մանրէի գենը, որը տեղադրել են մեկ այլ մանրէի մեջ` դրանից նախապես հանելով բոլոր գեները։ Արդյունքում ստեղծվել է բջիջ, որը կատարում է դոնոր-մանրէի ամբողջ գենետիկ ծրագիրը։

Դա սինթետիկ բջիջ է, այն ծագել է մի քրոմոսոմից, որը ստեղծվել է համակարգչի ինֆորմացիայով կատարված սինթեզի արդյունքում` քիմիական միացություններ պարունակող չորս սրվակներից։

«Սա մեր մոլորակում առաջին ինքնավերարտադրվող «գոյությունն» է, որի «հայրը» համակարգիչն է դարձել»,- ասել է Վենթերը եւ հավելել.- «Սա չափազանց կարեւոր քայլ է թե՛ գիտական, եւ թե՛ փիլիսոփայական տեսակետից։ Այն, անշուշտ, փոխում է իմ պատկերացումները կյանքի եւ դրա զարգացման մասին»։

Լրատվական գործակալությունները նշում են, որ գիտնականներից եւ հասարակական գործիչներից շատերը մտահոգությամբ են արձագանքել արհեստական բջիջի ստեղծման մասին լուրին, կասկածի տակ առնելով ոչ միայն հարցի էթիկական կողմը, այլեւ պնդելով, որ այն կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների, մասնավորապես, օգտագործվել կենսաբանական նոր զինատեսակներ ստեղծելու համար։

Գյուտի կողմնակիցները ասում են, որ այն թույլ կտա ստեղծել դեղամիջոցներ, որոնք կհաղթահարեն այսօրվա դրությամբ անբուժելի համարվող մի շարք հիվանդություններ։

Գիտնականներից եւ հասարակական գործիչներից շատերը պնդում են, որ այս հետազոտույթյունները հարկ է շարունակել իշխանությունների խիստ հսկողության պայմաններում։