Խորխե Տայանա. «Հայոց ցեղասպանության հարցը կասկածի ենթակա չէ»

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առեւտրի եւ պաշտամունքի նախարար Խորխե Տայանային, ով Երեւանում է Արգենտինայի դեսպանատան բացման առիթով:

Նախագահը շնորհավորել է Տայանային Արգենտինայի անկախության 200-ամյակի, նաեւ` Հայաստանում Արգենտինայի դեսպանության բացման կապակցությամբ:

Խորխե Տայանան ասել է, որ իր երկիրը կարեւորում է բարեկամ Հայաստանի հետ կապերի խորացումը, եւ հարավկովկասյան տարածաշրջանի երկրներից առաջինը Հայաստանում դեսպանություն բացելը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում:

Կողմերը քննարկել են հայ - արգենտինյան քաղաքական երկխոսությունը բոլոր մակարդակներում ակտիվորեն շարունակելու, տնտեսական համագործակցությունը խթանելու, մշակույթի եւ սպորտի բնագավառներում շփումներն աշխուժացնելու վերաբերյալ հարցեր:

Տայանան նշել է, որ Արգենտինան պատրաստ է օժանդակել Հայաստանին տնտեսության զարգացման ծրագրերում, մասնավորապես` գյուղատնտեսությունում նոր տեխնոլոգիաներ ներդնելու գործում:

Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել հայ համայնքի նկատմամաբ Արգենտինայի կառավարության վերաբերմունքի համար:

Կողմերն անդրադարձել են նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացներին:

Արգենտինայի արտգործնախարարի խոսքով` իր երկրի դիրքորոշումը ցեղասպանության հարցում հստակ է` ցեղասպանության փաստը կասկածի ենթակա չէ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Խորխե Տայանան անդրադարձել է նաեւ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին` ընդգծելով, որ դրանք չեն նպաստում խնդրի խաղաղ կարգավորմանը: