Ղրղըզստանի հարավում նոր բախումների հետեւանքով 1 մարդ զոհվել եւ 17-ը վիրավորվել է

Ղրղըզստանի հարավային Ջալալաբադ քաղաքում այսօր նոր բախումների հետեւանքով 1 մարդ զոհվել եւ 17-ը վիրավորվել է: Այդ մասին հաղորդել են երկրի առողջապահության նախարարությունից:

Բախումները տեղի են ունեցել, երբ մոտ 5 հազար մարդ գրոհել է Ուզբեկստանի կողմից ֆինանսավորվող համալսարանի շենքը` քարկոծելով եւ ջարդուփշուր անելով լուսամուտների ապակիները: Ոստիկանությունը օդ է կրակել ` փորձելով ցրել ամբոխը:

Այսօր ավելի վաղ ցուցարարները երթ են անցկացրել քաղաքում` պահանջելով ուզբեկ փոքրամասնության առաջնորդ Կադիրժան Բադիրովի ձերբակալությունը, որին մեղադրում են սադրանքների եւ ազգամիջյան լարվածություն ստեղծելու մեջ:

Բադիրովը սատարում է երկրի ժամանակավոր կառավարությանը:

Պաշտոնանկ արված նախագահ Կուրմանբեկ Բակիեւը երկրի հարավում մեծաթիվ կողմնակիցներ ունի: