Կոնգրեսականները հորդորում են Քլինթոնին աջակցել իրաքահայերին Հայաստան տեղափոխվելու համար

Միացյալ Նահանգների Կոնգրեսի դեմոկրատ անդամներ Թիմ Ուալզը եւ Բեթի ՄըքՔոլումը դիմել են պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, առաջարկելով հիմնադրամ ստեղծել` օգնելու իրաքահայերին Հայաստան տեղափոխվելու համար։ Նրանք նշում են, որ իրաքահայերը քրիստոնյա են ու հետապնդումների են ենթարկվում։

Օրենսդիրները նամակում նշում են, որ Հայաստանը նշանակալից քայլեր է կատարել փախստականներին ընդունելու համար, նրանց տրվում է քաղաքացիություն եւ ապրելու տեղ։

«Միացյալ Նահանգների շահերին համապատասխանում է, որ Իրաքի քրիստոնյա հայ փախստականները խաղաղ եւ անվտանգ նոր կյանք սկսելու հնարավորություն ունենան», - ասել է ՄըքՔոլումը երեքշաբթի օրը տարածած հաղորդագրությունում։

«Կարծում եմ, Միացյալ Նահանգները պետք է հումանիտար աջակցություն ցուցաբերի` ապահովելու համար նրանց հաջող տեղափոխումը ու ինտեգրումը Հայաստանի հասարակությունում», - Minnesota Independent պարբերականի փոխանցմամբ` ասել է կոնգրեսականը։

Մայիսի 14-ին պետքարտուղարին հղված նամակը ստորագրել են հինգ կոնգրեսականներ, այդ թվում Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոնը։ Հանրապետական կուսակցությունից Քոլին Փիթերսոնը, որի ստորագրությունը չկա, եւս աջակցություն է հայտնել ու միացել այս առաջարկին։