«Վերջին զանգը» մոտենում է, համապատասխան ծախսերը` նույնպես

Հայ ծնողներից շատերը, ովքեր ավարտական դասարանում երեխա ունեն, տարեսկզբից արդեն հաշվում ու պատրաստում են տարեվերջին իրենցից պահանջվող կլորիկ գումարը: Օրինակ` Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցի ավարտական դասարաններում վերջին զանգի միջոցառման համար գանձվող գումարի չափը 100.000 դրամ է:
«Ծաղիկներ ենք գնելու, նվերներ, նկարահանումների համար ենք ծախսելու եւ այլն», - պատմեցին աշակերտները:

Թիվ 132 դպրոցում գումարի չափն ավելի փոքր է` 80.000 դրամ:

Աշակերտերի խոսքով` գումարի չափը որոշում է ծնողխորհուրդը: Կան ծնողներ եւ աշակերտներ, ովքեր դեմ են սահմանված գներին, բայց վճարում են մյուսներից չառանձնանալու համար:

Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանը «Մաքսլիբերթի»-ին փոխանցեց, որ իրենց դպրոցի տասնեմեկերորդցիների ծնողները դիմում-խնդրանքով դիմել են իրեն` վերջին զանգի միջոցառման վերջում խնջույք կազմակերպելու թույլտվություն ստանալու համար: Տնօրենի խոսքով` գումարի չափը որոշում են ծնողները:

«Լավ միջոցառումը ծախս է պահանջում, բայց դա էլ նրանց ցանկույթունն է», - նշեց Մատղաշյանը:
Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Լիլի Վարդգեսյանն էլ չհերքեց, որ այս օրերին դպրոցներում սկսվում են դրամահավաքները: Նա նույնպես նշեց, որ դա ծնողխորհրդի նախաձեռնությունն է:

«Ոչ մի տնօրեն թող չասի, որ գումար չեն հավաքում: Կարծում եմ` ուսուցիչներին ծաղիկներ նվիրելու մեջ ոչ մի վատ բան չկա», - ասաց Վարդգեսյանը, ում պնդմամբ` իր ղեկավարած դպրոցի ավարտական դասարանների աշակերտնեը վերջին զանգից հետո խնջույք կազմակերպելու համար հավաքում են ընդհամենը 5000 դրամ: