Մատչելի բնակարան` երիտասարդ գիտնականներին

Կառավարության որոշմամբ այս տարվա հունվարի 29-ին մեկնարկած «Մատչելի բնակարան` երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շրջանակներում արդեն 20 ընտանիք ապահովվել է բնակարանով: Այս պահի դրությամբ բանկերում ուսումնասիրվում է եւս 60 հայտ:
Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի խոսքով` այս ծրագրի պայմանները թույլ չեն տալիս ամբողջովին լուծել երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու հարցը: Առաջիկայում ծրագիրը որոշ փոփոխությունների ենթարկվի:

«Այժմ խմբագրման է ենթարկվում «Մատչելի բնակարան» հիպոտեկային ծրագիրը, եւ կարծում եմ` մոտ մեկ ամիս հետո ավելի մեղմ պայպաններ կարող ենք առաջարկել շահառուներին», - նշեց Քարամյանը:

Փոփոխությունների դեպքում հիփոթեքային վարկավորման կանխավճարը 30%-ի փոխարեն կիջեցվի 25%-ի, իսկ 10 տարի մարման ժամկետը կերկարաձգվի մինչեւ 15 տարի: Օգոստոսին մեկնարկող սոցիալական շինարարության ծրագրի շրջանակներում ընդգրկվելու են նաեւ Տավուշի եւ Սյունիքի մարզերը:

«Մատչելի բնակարան` երիտասարդ գիտնականներին» ծրագրով նախատեսված շենքի շինարարությունը կմեկնարկի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Շենքը կառուցվելու է Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում, այն կունենա 300 բնակարան, իսկ 1քմ-ն կարժենալ 180 հազար դրամ:

Այժմ մշակվում է վարկային նոր փաթեթ` ըստ որի երիտասարդ գիտնականներին եւ մշակույթի գործիչներին հնարավորություն կընձեռվի բնակարանի վճարը մուծել 25 տարվա ընթացքում` 20 տոկոս կանխավճարով, 8,5–9 տոկոսադրույքով, այսինքն` ամսական վճարը կկազմի 63 հազար դրամ: Արսեն Քարամյանը փոխանցեց, որ բանակում ծառայություն անցած երիտասարդ գիտնականների համար 20% կանխավճարը կմուծվի պետական սուբսիդավորման միջոցով: