Հայաստանցի սամբիստները Եվրոպայի առաջնությունում նվաճեցին մեկական ոսկե եւ արծաթե, չորս բրոնզե մեդալ

Անցած շաբաթավերջին Մինսկում անցկացված սամբոյի Եվրոպայի առաջնությունում հայաստանցի մարզիկները նվաճել են մեկական ոսկե եւ արծաթե ու չորս բրոնզե մեդալ:

Կիրակի` մրցումների երրորդ եւ վերջին օրը, Հայաստանի հավաքականի մարտական սամբոյի երեք ներկայացուցիչներն էլ արժանացել են մեդալների. 74 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Աշոտ Դանիելյանը նվաճել է Հին աշխարհամասի չեմպիոնի տիտղոսը, 68 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Վաչիկ Վարդանյանը տանուլ է տվել միայն եզրափակիչ գոտեմարտը եւ արժանացել արծաթե մեդալի, իսկ 90 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Արտակ Ծատինյանը նվաճել է բրոնզե մեդալ:

Մինչ այդ Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալներ էին վաստակել նաեւ մարզական սամբոյի ներկայացուցիչներ Ռուզաննա Սարգսյանը` 48 կիլոգրամ քաշային կարգում, Տիգրան Կիրակոսյանը` 52 կիլոգրամ քաշային կարգում, եւ Վահան Վարդանյանը` 57 կիլոգրամ քաշային կարգում:

Այդպիսով, ինչպես նշված է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հաղորդագրությունում, տասը հայ սամբիստներից վեցը հայրենիք են վերադառնում մեդալներով: