Դատարանն ավարտեց «Մարտի 1»-ի զոհերի գործով բողոքի քննարկումը

Հայաստան -- Ոստիկանական այվող մեքենա ցուցարարների եւ անվտանգության ուժերի բախման վայրում, Երեւան, 1-ը մարի, 2010թ.

Մարտիմեկյան իրադարձություններում հրազենային վնասվածքներից զոհված Գրիգոր Գեւորգյանի, Հովհաննես Հովհաննիսյանի եu դեռեւս չպարզված հանգամանքներում գանգուղեղային բաց վնասվածք ստացած ու ինտոքսիկացիայից մահացած Սամվել Հարությունյանի իրավահաջորդների բողոքի վերաբերյալ դատարանի վճիռը կհրապարակվի մայիսի 24-ին:
Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը ուրբաթ օրը ավարտեց բողոքի քննարկումը, թեեւ, ինչպես զոհերի հարազատներն էին պնդում, իրենց հուզող որեւէ հարցի պատասխան այդպես էլ չստացան:

Զոհերի իրավահաջորդները դատարանում բողոքարկում են «Մարտի 1-ի» սպանությունների բացահայտման հարցում Հատուկ քննչական ծառայության եւ դատախազության անգործությունը:

Զոհերի իրավահաջորդների շահերի պաշտպան Արտակ Զեյնալյանը միջնորդեց պարտավորեցնել քննչական մարմիններին` ինչ որ ձեւաչափով պատասխանել իրենց հարցերին՝ բարձրաձայնելով այդ հարցերը. - «Սույն քրեական գործում ի՞նչ գործողություններ են մնացել կատարելու։ Եթե պլանավորված է ավարտել գործը՝ ի՞նչ մոտավոր ժամկետներում։ Ո՞րն է այն հիմնական խոչընդոտը, որը հնարավորություն չի տալիս առայսօր բացահայտել տուժողների սպանությունները»։

Դատարանը մերժեց այս միջնորդությունը, հարցերը մնացին անպատասխան։

Գրիգոր Գեւորգյանը զոհվել է Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկներում` գլխին ստացած հրազենային վնասվածքից, Հովհաննես Հովհաննիսյանը` Մաշտոցի պողոտայի եվ Գրիգոր Լուսավորչի փողոցի խաչմերուկի կամրջի վրա կրծքավանդակին ստացած հրազենային վնասվածքից, Սամվել Հարությունյանը՝ նույն տեղում գանգուղեղային բաց, բութ առարկայով հասցված թափանցող վնասվածքից:

Նրանց իրավահաջորդների շահերի պաշտպանը դատարանում նաեւ հարցրեց` արդյո՞ք նախաքննական մարմինն ու դատախազը ընդունում են, որ խախտվել է այդ մարդկանց կյանքի իրավունքը:

Մեջբերելով դատախազության այն պատասխանը, թե հարցման առաջին իսկ օրվանից լրիվ եւ բազմակողմանի քննություն է կատարվել նաեւ զանգվածային անկարգությունների ընթացքում 10 անձանց մահվան փաստի առիթով, Զեյնալյանը խնդրեց պարզաբանել` ի՞նչ գործողություններ են կատարվել, ի՞նչ փաստաթղթերով է դա հաստատվում, ինչո՞ւ դրանք որպես ապացույց չեն ներկայացվում դատարանում: Իսկ դատախազության այն հայտարարության կապակցությամբ, թե կատարվել են դեպքերի վայրերի բազմաթիվ զննություններ եւ ձեռք են բերվել ապացուցողական նշանակություն ունեցող փաստեր, առարկաներ, հետքեր, Զեյնալյանը հայտարարեց. - «Դատախազի հայտարարություններն ամբողջությամբ անհիմն են, քանի որ չի ներկայացվում որեւէ ապացույց, թե կոնկրետ ո՞ր տուժողի սպանության վայրի զննություն է իրականացվել եւ ո՞ր փաստաթղթով»։

Արձագանքելով դատախազության այն առարկությանը, որ նախաքննության ընթացքում պարզվել է ոստիկանական ստորաբաժանումների այն հստակ շրջանակը, որոնք գտնվել են դեպքերի վայրում, Արտակ Զեյնալյանը հարցրեց` որոնք են այդ ստորաբաժանումները եւ արդյո՞ք հարցաքննվել են այն բոլոր պաշտոնատար անձինք, որոնք ունեին ներգործության հնարավորություն ոստիկանության ստորաբաժանումների եւ այլ զինված պետական կազմավորումների նկատմամբ։

Արտակ Զեյնալյանը շուրջ 2 տասնյակ հարց ուղղեց, բայց դատավորը հայտարարեց, որ դատարանն իրավունք չունի պարտադրել կողմերին պատասխանել այդ հարցերին:

Վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցիչները, վկայակոչելով, որ գործը դեռ նախաքննության փուլում է, հայտարարեցին, որ պահանջվող ծավալով տվյալները այս փուլում հրապարակման ենթակա չեն:

Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վահագն Հարությունյանը այս դատավարությունը թատրոնի նմանացրեց, իսկ դատախազ Հարություն Հարությունյանը հայտարարեց, թե Արտակ Զեյնալյանը, առանց գործի ամբողջական նյութերին ծանոթ լինելու, եզրահանգումներ է արել։

«Մենք ներկայացրել ենք պատասխանները այն ծավալով, որ ծավալով գտել ենք, որ չի հակասում նախաքննության շահերին։ Քրեական վարույթն իրականացնող մարմինը գտնում է, որ սույն բողոքը ընդամենը չգիտեմ ում շահերից բխող դատավարական գործողության նպատակ է հետապնդում», - շեշտեց Հարությունյանը՝ հավելելով. - «Քրեական վարույթն իրականացնող մարմնից ակնկալվող ինֆորմացիան ո՞ւմ համար է նախատեսված՝ քրեական վարույթն իրականացնող մարմինը չի էլ ցանկանում պարզաբանել»։

Զոհերի հարազատները դատական նիստից դուրս եկան վրդովված։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նրանք հայտարարեցին, որ դատավորի վերաբերմունքը «վիրավորական» էր, իսկ քրեական վարույթ իրականացնող մարմինները «ուղղակի ժամանակ են ձգում»։