Մայիսի 14-ի մամուլ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի հայաստանյան այցի առիթով «Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Հայաստանի նախորդ (Ռոբերտ Քոչարյանի) իշխանությունը մարտի 1-ին 10 հոգի է սպանել, իսկ ներկայիս իշխանությունը մատը մատին չի խփում այդ հանցագործությունը բացահայտելու համար: Բայց ես չէի ցանկանա այս խնդիրը քննարկել ԵԽԽՎ-ի նախագահ Մեւլութ Չավուշօղլուի հետ: Ոչ թե այն պատճառով, որ ատելությամբ եմ լցված թուրք ժողովրդի նկատմամբ, այլ՝ որովհետեւ հենց Չավուշօղլուի երկրում սպանվել է իմ հայրենակից եւ գործընկեր Հրանտ Դինքը, դատարանի առաջ կանգնել են միայն անմիջական կատարողները, իսկ դատավարությունը վերածվել էր ծաղրուծանակի... Միակ հարցը, որն արժե քննարկել Չավուշօղլուի հետ, հետեւյալն է. ինչպե՞ս է նա պատրաստվում ղեկավարել ԵԽԽՎ-ի Ղարաբաղի հարցով ենթակոմիտեն, երբ այդ կոնֆլիկտի մի կողմում կանգնած են հայերը, մյուս կողմում՝ «իր ժողովուրդը», որովհետեւ թուրքերն ու ադրբեջանցիները գրեթե ամեն օր հայտարարում են, որ նրանք միեւնույն ժողովուրդն են՝ տարբեր պետություններում»:

Չավուշօղլու այցի թեման արծարծվում է նաեւ «Հրապարակ»-ի խմբագրականում. - «21-րդ դարի առաջին տասնամյակն արդեն ետեւում է, բայց կարծես թե ազգայինն ու ազգայնականը հրաժարվում են իրենց դիրքերը զիջելուց: Համենայնդեպս՝ Հարավային Կովկասում: Մենք շարունակում ենք ազգամիջյան հակամարտությունները, կռիվ ենք տալիս հողի եւ մեր ազգային ինքնությունը պահպանելու համար, չենք հանդուրժում մեր ազգային արժանապատվությանն ուղղված ցանկացած դրսեւորում: Օրինակներ եւ ապացույցներ՝ ինչքան ուզեք: Եվրախորհրդի վեհաժողովի նախագահը հաստատ բոլորովին այլ ընդունելության կարժանանար, եթե ազգությամբ թուրք չլիներ եւ նրա՝ Ծիծեռնակաբերդ չայցելելն էլ չէր դառնա ասելիք: Իսկ Պարենի ու գյուղատնտեսության համաժողովին ժամանած գյուղնախարարին ոչ ոք չէր նկատի, եթե նա ադրբեջանցի չլիներ»:

«Չորրորդ ինքիշխանություն»-ը գրում է. - «Այսպիսով, պաշտոնապես արձանագրվեց, որ Ռուսաստանը ոչ միայն հնարավոր բոլոր միջոցներով «առաջ է մղելու» Ղարաբաղյան հակամարտության լուծումը, այլեւ այդ հարցով խորհրդակցելու է Թուրքիայի հետ: Խոսքը, իհարկե, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխության մասին չէ. զուտ ձեւականորեն Թուրքիան երբեք Մինսկի խմբի համանախագահ չի դառնա: Խոսքն իրական բանակցությունների եւ իրական կարգավորման մասին է: Հիմա արդեն հասկանալի է, որ հակամարտության կարգավորման որեւէ տարբերակ անհնար կլինի «անցկացնել» առանց Թուրքիայի հավանության»: Այս ամենի պատճառը, թերթի ձեւակերպմամբ, «Սերժ Սարգսյանի չարաբաստիկ «ֆուտբոլային դիվանագիտությունն» էր, որի բուն իմաստը, սակայն, Հայաստանում այդպես էլ հիմնավորապես չվերլուծվեց»:

«Հայոց Աշխարհ»-ը եւս անդրադարձել է ռուս-թուրքական կապերին՝ դրանք քննելով Հայաստանի շահերի տեսանկյունից. - «Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւի Թուրքիա կատարած պաշտոնական այցի ընթացքում մեր հարեւան երկրներում լրջորեն քննարկվում էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ռուս-թուրքական պայմանավորվածության հավանականությունը։ Թուրք-ադրբեջանական լրատվամիջոցների ստեղծած քարոզչական ֆոնը, որը «խտացնելու» համար այդ երկու երկրները վաղօրոք գործադրել էին մեծ ջանքեր, իր որոշակի ազդեցությունը գործեց նաեւ Հայաստանի որոշ քաղաքագետների վրա։ Սակայն այցն ավարտվեց, արդյունքներն ամփոփվեցին եւ ակնհայտ դարձավ, որ Անկարայում ստորագրված փաստաթղթերը վերաբերում են հիմնականում՝ վարչապետ Պուտինի 2009թ. օգոստոսյան այցի շնորհիվ տնտեսական ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների «նյութականացման» խնդրին։ Նշանակո՞ւմ է սա, որ կարելի է հանգստացած շունչ քաշել։ Կարծում ենք՝ ոչ, քանզի Անկարայում տեղի ունեցած ռուս-թուրքական բանակցությունները Լեռնային Ղարաբաղի դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից նյութվող դավերի միայն սկիզբն են»։

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է. - «Մարտի 1-ի դեպքերը ուսումնասիրող Փաստահավաք խմբի անդամներ Սեդա Սաֆարյանը եւ Անդրանիկ Քոչարյանը պատրաստել են իրենց թվով 5-րդ զեկույցը, որտեղ բերված են Մարտի 1-ին բանակի մասնակցության մասին վկայող բոլոր փաստերը: Զեկույցում նաեւ բերված է այն իրավական հիմնավորումը, որն արգելում է քաղաքական իրադարձությունների ժամանակ բանակի կիրառումը: Այնուհետեւ ներկայացված են բանակի մասնակցության մասին մինչեւ օրս ի հայտ եկած փաստերը»: «Վկայակոչված փաստերն ի չիք են դարձնում ՀՀ իշխանությունների փորձերը` հերքելու բանակային ռազմական տեխնիկայի, ավտոտրանսպորտային եւ անձնակազմի կիրառումը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններում` մինչ արտակարգ դրության հայտարարումը», - թերթի տեղեկություններով` ասված է Փաստահավաք խմբի անդամների նոր զեկույցում: