Նուբարաշենի հատուկ դպրոցի ուսուցիչը դատարանում ընդունեց իր մեղքը

Your browser doesn’t support HTML5

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում չորեքշաբթի օրը շարունակվեց Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի սաների նկատմամբ նույն դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանի կողմից անառակաբարո գործողություններ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Ամբաստանյալ Լեւոն Ավագյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին` արագացված դատաքննություն կիրառելու մասին:

Արագացված դատաքննության կարգը ենթադրում է, որ դատաքննության ընթացքում չեն հետազոտվում գործով ձեռքբերված ապացույցները, չեն հարցաքննվում վկաները, ամբաստանյալը ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը եւ պատժաչափը չի կարող լինել առավել, քան նշված նորմով սահմանած պատժաչափի երկու երրորդը։

Տուժող կողմն ու ներկայացուցիչները հանդես եկան հայտարարությամբ, ասելով, որ «արագացված դատաքննության կարգ կիրառելու դեպքում տուժողները դատարանին չեն հայտնի այն ցուցմունքները, որոնք կարող են նպաստել հանցագործության վերաորակավորմանն ու մեղադրանքի խստացմանը»:

Չնայած տուժող կողմի ներկայացուցիչների առարկությանը` մեղադրողը պնդեց, որ կողմ է արագացված կարգ կիրառելուն։ Դատավոր Գաբրիելյանը բավարարեց ամբաստանյալի միջնորդությունը եւ որոշում կայացրեց կիրառել արագացված դատաքննության կարգ:

Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանք դատարանը ընդունեց այն, որ ամբաստանյալը հանցանքը կատարել է անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ: Իսկ որպես մեղմացնող հանգամանք, այն, որ ամբաստանյալը ամուսնացած է, ունի երեխաներ, աշխատանքային կոլեկտիվի կողմից բնութագրվում է դրականորեն, զղջացել է կատարածի համար եւ ընդունել է մեղքը:

Այնուհետ դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլ: Իր մեղադրական ճառում դատախազ Բադիկյանը, մասնավորապես, ասաց. - «Երեւի իր կիրառած դաժան մեթոդների շնորհիվ դպրոցում ամենախիստ ուսուցչի համբավը վաստակած ամբաստանյալը տեւական ժամանակ կարողացել է լռեցնել իր անառակաբարո գործողությունների հետեւանքները քաշող փոքրահասակ երեխաների ձայնը, իսկ ովքեր ըմբոստացել են, կիրառվել են ֆեոդալական հասարակարգին բնորոշ պատժամիջոցներ»։

«Ամբաստանյալին ազատազրկման դատապարտելով «երեխա սիրելու» խաթարված հակում ունեցող մանկավարժներն ու այլ անձինք կհամոզվեն, որ իրենց գործողությունները անպատիժ չեն թողնվի»,- շարունակեց դատախազն ու պահանջեց Լեւոն Ավագյանին դատապարտել 1 տարի 6 ամսվա ազատազրկման։

Դատական այսօրվա նիստը հետաձգվեց մինչեւ մայիսի 19-ը, քանի որ գործով տուժող կողմի ներկայացուցիչները միջնորդեցին ժամանակ տրամադրել իրենց ճառը նախապատրաստելու համար: