ՀՅԴ խմբակցությունը հրաժարվում է Մեւլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից

Վահան Հովհաննիսյան

Հայաստանի Ազգային ժողովում Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) խմբակցությունը «նպատակահարմար չի գտնում» հանդիպել չորեքշաբթի օրը երկօրյա այցով Հայաստան ժամանող ԵԽԽՎ-ի նախագահ Մեւլութ Չավուշօղլուի հետ:
«Տեղեկացանք, որ պրն Չավուշօղլուն հրաժարվել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշարձան արարողակարգային այցելությունից, ինչը, մեր կարծիքով, հարիր չէ հեղինակավոր միջազգային կազմակերպության ղեկավարին», - ասված է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի՝ Ազգային ժողովի նախագահին ուղղված նամակում:

«Փաստորեն, տվյալ դեպքում պրն Չավուշօղլուն չի թաքցնում, որ Հայաստան է այցելում ոչ այնքան որպես ԵԽԽՎ ղեկավար, որքան թուրք քաղաքական գործիչ: Այս պայմաններում մեր խմբակցությունը նպատակահարմար չի գտնում հանդիպել նրա հետ», - ասված է նամակում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Վահան Հովհաննիսյանը հավելեց, թե Չավուշօղլուն, հրաժարվելով այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ասել է, թե դա «իր համար վիրավորական է, որովհետեւ կարող է Թուրքիայում խնդիրներ ունենալ». - «Սա նշանակում է, որ նա Հայաստան այցելում է ոչ թե որպես ԵԽԽՎ-ի ղեկավար: Նրան մենք պետք է դիտենք որպես թուրք քաղաքական գործչի: Կարծում եմ, որ ճիշտ կլիներ, որ ուրիշ քաղաքական ուժերն էլ ճիշտ գնահատեին այս այցելության վտանգները»:

«Ժառանգություն» կուսակցության խորհրդականական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, մինչդեռ, կարծում է, որ Չավուշօղլուի հետ պետք է հանդիպել եւ «վերաբերմունքը, վրդովմունքը եւ դիրքորոշումներն ու առաջարկությունները ներկայացնել թուրք նախագահողի հայտարարությունների, մտադրությունների, ինչպես նաեւ նրա երկրի որդեգրած ու վարած քաղաքականության ու ղեկավարների արած հայտարարությունների կապակցությամբ»:

Իշխող քաղաքական կոալիցիայից «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը այս կապակցությամբ իր զարմանքն ու տարակուսանքը արտահայտեց «այն կասկածելի ակտիվության կապակցությամբ, որով «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության ակտիվիստ պարոն Շավուշօղլուն, դառնալով ԵԽԽՎ-ի նախագահ, փորձում առաջ մղել ղարաբաղյան հիմնախնդրում իր միջնորդության եւ իր կասկածելի ակտիվության հանգամանքը»:

«Որովհետեւ մենք սրա տակ տեսնում ենք Թուրքիայի չթուլացող ջանքերը միջնորդություն ստանձնելու մի գործում, որտեղ նրա դիրքորոշումները մեր երկրի եւ հարեւան Ադրբեջանի նկատմամբ հավասարակշռված եւ անկողմնակալ չեն», - փաստարկեց Սաֆարյանը՝ հավելելով, որ խմբակցությունը որոշել է հանդիպել Մեւլութ Չավուշօղլուի հետ եւ հարց ուղղել նրան. - «Հավատո՞ւմ է ինքը, որ իր երկիրը 18 տարի ունենալով հենց այս դերակատարությունը ղարաբաղյան խնդրում, ունի բարոյական իրավունք ստանձնելու ղարաբաղյան գործընթացում ավելի ակտիվ դեր, քան նա ունեցել է մինչեւ այժմ»: