Ծեծկռտուք վրացական հեռուստատեսության ուղիղ եթերով

Երեկ Վրաստանի «Կավկասիա» հեռուստաընկերությամբ ուղիղ եթեր հեռարձակվող հաղորդման ժամանակ տաղավար են ներխուժել «Ուղղափառ ծնողների միություն» արմատական կազմակերպության ներկայացուցիչները եւ ծեծի ենթարկել հաղորդավարին ու նրա հյուրին:

Միջադեպի կապակցությամբ ներկայումս ձերբակալված է 8 մարդ: Վրաստանի դատախազության հաղորդագրության համաձայն, գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով` «միջամտություն լրագրողական գործունեությանը» եւ «խուլիգանություն»: Դատախազությունը տեղեկացնում է, որ հարձակվողները նպատակ են ունեցել լրագրողներին սպառնալու միջոցով կանխել իրենց համար անհաճո տեղեկատվության տարածումը, ինչը այնուհետեւ վերաճել է խուլիգանության:

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` միջադեպը դատապարտել են Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, խորհրդարանի պատգամավորները, Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանը:

Ընդդիմությունը տեղի ունեցած համար մեղադրում է իշխանություններին, վերջիններս, իրենց հերթին, պնդում են, որ ընդդիմադիրներն են խրախուսում արմատականությունը: