Սերժ Սարգսյանը վաղը մեկնում է Մոսկվա

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով վաղը մեկնում է Մոսկվա` մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը, Սերժ Սարգսյանը մասնակցելու է նաեւ ԱՊՀ-ի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումներին:

Մայիսի 9-ին Մեծ հայրենականում հաղթանակի 65-ամյակի տոնակատարություններին մասնակցելու է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, սակայն, Արմեն Արզումանյանի վկայությամբ, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում նախատեսված չէ:


Ռուզաննա Ստեփանյան