Ալբերտ Տեր-Սարգսյանը չի ընդունում Հոլիվուդում Կարինե Հակոբյանի սպանության մեղադրանքը

Ալբերտ Տեր-Սարգսյանը [ում ազգանունը միջազգային լրատվական գործակալությունները նախկինում սխալմամբ ներկայացնում էին Տերսարգյան] երեկ չի ընդունել Հոլիվուդում 38-ամյա Կարինե Հակոբյանի սպանության` իրեն առաջադրված մեղադրանքը: Այդ մասին հաղորդում է Լոս Անջելեսի The Daily Breeze թերթը` հավելելով, որ ամբաստանյալը կրկին դատարան կներկայանա հունիսի 8-ին, երբ սկսվելու են գործով նախնական լսումները:

Տեր-Սարգսյանը կալանավորվել է ապրիլի 21-ին եւ մեղադրվում է դարանակալելով սպանության համար, ինչի հաստատվելու դեպքում նրան մահապատիժ է սպառնում:

Կարինե Հակոբյանը հրազենով սպանվել է այս տարվա մարտի 26-ին իր տան մոտ` ավտոմեքենայից դուրս գալիս:

Իրավապահները քննում են նաեւ Տեր-Սարգսյանի հնարավոր առնչությունը Հակոբյանի ամուսնու եւ դստեր սպանությանը. 43-ամյա Խաչիկ Սաֆարյանը եւ 8-ամյա Լուսինեն սպանվել են 2008 թվականի դեկտեմբերին:

Երկու դեպքում էլ սպանվածների մարմինները հայտնաբերել է Հակոբյանի եւ Սաֆարյանի մյուս դուստրը:

Սպանությունների շարժառիթները առայժմ չի պարզված չեն:

Հակոբյանը եւ Սաֆարյանը ամուսնացել են Երեւանում եւ Միացյալ Նահանգներ տեղափոխվել 2003 թվականին:

Շրջանային դատախազության տվյալներով, Ալբերտ Տեր-Սարգսյանը 73 տարեկան է, սակայն իշխանությունները կարծում են, որ իրականում նա մոտ 60 տարեկան է, եւ տարիքի մասին տվյալները ճշգրիտ չեն։