Փարաջայի կրումը արգելելու մասին Բելգիայում ընդունված օրինագիծը կարող է «դոմինոյի էֆեկտ» ունենալ

Մահմեդական կինը Բելգիայի խորհրդարանի շենքի դիմաց

Բելգիայի խորհրդարանի ստորին պալատում վերջերս ընդունված օրինագիծը` հասարակական վայրերում մահմեդական փարաջաների եւ դեմքը ծածկող այլ հագուստների կրումը արգելելու մասին, լայն արձագանք է գտել Եվրոպայում, հատկապես` մահմեդական ստվար բնակչություն ունեցող երկրներում:
Ֆրանսիայի նախագահն արդեն հանձնարարել է կառավարությանը նմանօրինակ օրինագիծ նախապատրաստել: Ակնկալվում է, որ փաստաթղթի առաջին քննարկումը նախարարների կոմիտեում տեղի կունենա մայիսի 19-ին, ապա հուլիսին այն կներկայացվի օրենսդիրների հավանությանը:

Նախօրեին էլ նման արգելանքը պաշտպանող հայտարարությամբ է հանդես եկել Եվրահանձնաժողովի փոխնախագահ, գերմանացի պատգամավոր Սիլվանա Կոշ-Մերինը: «Փարաջան շրջիկ բանտ է, որը ոտնահարում է կանանց իրավունքները», - թերթերից մեկում գրել է կանցլերի դաշնակից` Ազատ դեմոկրատների ներկայացուցիչն ու ընդգծել. - «Կուզենայի, որ ոչ միայն Բեռլինը, այլեւ ողջ Եվրամիությունը արգելեր դրանց կրումը հասարակական վայրերում»:

«Դեմքն ու մարմինը քողարկող այդ հագուստները ակնհայտորեն վկայում են Եվրոպային խորթ սկզբունքների եւ արժեքների մասին», - պնդել է Եվրահանձնաժողովի փոխնախագահն ու մանրամասնել. - «Անշուշտ, յուրաքանչյուր ոք անձնական կյանքի ու դավանանքի ընտրության իրավունք ունի, սակայն այդ ազատությունը չպետք է խլի մարդու դեմքը, համենայն դեպս` Եվրոպայում»:

Բելգիայի խորհրդարանի ստորին պալատում փարաջաների վերաբերյալ օրինագիծը ընդունվել է գրեթե միաձայն` 2 ձեռնպահ պատգամավորներից բացի, մնացած 134-ը կողմ են քվեարկել. փոփոխությանը հավանություն են տվել թե' իշխանության, թե' ընդդիմության ներկայացուցիչները` պնդելով, թե մահմեդական այդ հագուստները ոչ միայն ճնշում են կնոջը, այլեւ խոչընդոտում են իրավապահ մարմինների աշխատանքը եւ թույլ չեն տալիս որոշել մարդու ինքնությունը:

Ակնկալվում է, որ մի քանի խմբագրական փոփոխություններից հետո օրինագիծը հավանության կարժանանա նաեւ խորհրդարանի վերին պալատում` Սենատում, ինչից հետո Բելգիան կդառնա օրենքով նման արգելանքը ամրագրած առաջին երկիրը Եվրոպայում:

Մի շարք վերլուծաբանների համոզմամբ` այս միտումը կարող է «դոմինոյի էֆեկտ» ունենալ եւ տարածվել նաեւ հարեւան երկրներում, ինչը լուրջ քննադատության է արժանանում իրավապաշտպանների կողմից:

«Դա վտանգավոր նախադեպ է», - հայտարարում է Amnesty International կազմակերպությունը:

«Այդ արգելանքը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային», - պնդում է հեղինակավոր Human Rights Watch-ը:

Արեւմտյան մի շարք վերլուծաբաններ, մինչդեռ, հակադարձում են` գրելով. - «Ի վերջո, եվրոպացին, ով բնակություն է հաստատում շարիաթի օրենքներով առաջնորդվող երկրում, պարտավոր է հետեւել դրանց, հակառակ դեպքում` կարող է այնպիսի պատիժների ենթարկվել, որոնց մասին Հին աշխարհում վաղուց են մոռացել»: